Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Շնորհավորելով հյուրին ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ՝ քաղաքապետ Մարությանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու Երևանի և Հնդկաստանի քաղաքների միջև հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը:

Երևանի քաղաքապետը կարևորել է նաև փոխադարձ այցելություններն ու քաղաքների միջև փորձի փոխանակման ծրագրերը:

Իր հերթին, դեսպան Կիշան Դան Դեվալն, ընդգծելով հայ-հնդկական հարաբերությունների հարուստ պատմությունը, առաջարկել է կոնկրետ ուղղություններով խորացնել հարաբերությունները Հնդկաստանի՝ հատկապես հայաշատ և հայկական ժառանգություն ունեցող քաղաքներում:

Զրուցակիցները քննարկել են նաև Երևանում Հնդկաստանի ազգային հերոս Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու գաղափարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել