AntiFake.am-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 19-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում ռուս լրագրողներից մեկի Գարեգին Նժդեհի վերաբերյալ հարցին Նիկոլ Փաշինյանը տվել է սխալ պատասխաններ՝ հերթական անգամ ապացուցելով, որ չի տիրապետում հայ ժողովրդի պատմությանը։

Գարեգին Նժդեհի անունը հայտնի է դարձել ոչ թե 1918թ.-ին, այլ դրանից 6 տարի առաջ՝ 1912թ.-ին

Նիկոլ Փաշինյանը նշել է. «Որտեղի՞ց է հայտնվել Գարեգին Նժդեհի անունը մեր պատմության մեջ։ Նրա անունը հայտնվեց Սարդարապատի ճակատամարտից, որի արդյունքում մեր ժողովրդի պատմության մեջ ստեղծվեց առաջին հանրապետությունը, 1918թ ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը»։

Հարկ է նշել սակայն, որ Գարեգին Նժդեհի անունը հայտնի է դարձել ոչ թե 1918 թ.-ին, այլ դրանից 6 տարի առաջ՝ 1912թ.-ից, երբ սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը։ Հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի եւ Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկը: Այդ պատերազմում Նժդեհը վիրավորվել է: Հայկական վաշտը աչքի է ընկել մի շարք հաղթական կռիվներով։ 1913թ. Նժդեհը զորացրվել է՝ հրաժարվելով մասնակցել բալկանյան ժողովուրդների ներքին կռիվներին:

Առաջին աշխարհամարտի նախօրյակին Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով: Կռիվների սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական երկրորդ գնդի փոխհրամանատարը, վերջին շրջանում՝ ղեկավարել է հայ-եզիդական առանձին մի զորամաս: Իսկ 1917թ. սակավաթիվ ուժերով օգնության է հասել Կողբին և փրկել տեղի հայությանը կոտորածից:

1918թ. գարնանը Նժդեհը վարել է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցով հնարավորություն է ընձեռվել նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ. միաժամանակ, իր մարդկանցով ապահովել է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից:

Ահա այս դեպքերից հետո ենք մոտենում Նժդեհի կյանքի՝ Նիկոլ Փաշինյանի նշած ժամանակահատվածին։ Սակայն այստեղ ևս Նիկոլ Փաշինյանը սխալվել է։

Գագերին Նժդեհը չի կռվել Սարդարապատի ճակատամարտում, չի կռվել Բաղրամյանի հետ կողք կողքի

Այսպես. Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նրա անունը հայտնվեց Սարդարապատի ճակատամարտից, որի արդյունքում մեր ժողովրդի պատմության մեջ ստեղծվեց առաջին հանրապետությունը, 1918թ ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը»։

Ի դեպ, նույն ճակատամարտին մասնակցել է նաև Հովհաննես Բաղրամյանը։ Նրանք կողք կողքի մարտնչել են թուրքերի դեմ՝ իրենց հայրենիքի համար։ Ինչպես հայտնի է, Բաղրամյանը հետագայում դարձել է Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ երկակի հերոս։ Մեզ համար Գարեգին Նժդեհը եւ Հովհաննես Բաղրամյանը նույն ակունքներն ունեն, որպես պատմական անձինք։ Նրանք մարտնչել են Հայաստանի համար, հայերի համար և փորձել են իրենցից կախված ամեն բան անել, որպեսզի պաշտպանեն իրենց ժողովրդին թուրքերից, որոնք կազմակերպել էին Հայոց ցեղասպանությունը»։

Հարկ է նշել սակայն, որ ոչ Գարեգին Նժդեհի վերաբերյալ կենսագրականներում, ոչ էլ հայոց պատմության նշված ժամանակահատվածը նկարագրող աշխատություններում որևէ նշում չկա այն մասին, որ Գարեգին Նժդեհը մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին։

1918 թ. մայիսյան հերոսամարտի օրերին Գարեգին Նժդեհը մասնակցել է ոչ թե Սարդարապատի, այլ Ղարաքիլիսայի ճակատամարտին։

Այսպես. 1918թ. գարնանը Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ՝ Նժդեհն իր խմբով նահանջում է Ղարաքիլիսա: Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր: Ահա՛ այս օրհասական պահին, երբ տիրում էր համատարած հուսալքում, լսվում է Նժդեհի ռազմաշունչ ձայնը. Դիլիջանի եկեղեցու բակում նրա արտասանած ճառը հոգեփոխեց հուսալքված, բայց ոգեշունչ խոսքի կարոտ հայերին և նրանց առաջնորդեց դեպի սրբազան ճակատամարտ: «Դեպի ճակատ, այնտեղ է մեր փրկությունը,- կհնչեր Նժդեհի հուժկու, վճռական եւ ինքնավստահ ձայնը»։

Մայիսի 24-ին վերակազմավորված հայկական ստորաբաժանումները Դիլիջանից շարժվում են Ղարաքիլիսա։ Զորքը բաժանված էր երեք մասի․ հյուսիսում ռազմաճակատի աջ թեւը վստահված էր Անդրանիկին, որն իր 2700 կամավորներով պետք է պաշտպաներ Գարգառի լեռնանցքը (Ստեփանավանից 10 կմ հեռավորությամբ)։ Ձախ թեւում՝ Հաջիղարա (Լեռնապատ) գյուղի մոտ գնդապետ Սամարցյանի ստորաբաժանումն էր եւ կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի 4-րդ մարտկոցը։

Նրանք պետք է պաշտպանեին Ղարաքիլիսայի հարավում գտնվող Գյադա-Մայմեխ (Անփայտ Մայմեխ) լեռան դիրքերը։ Կենտրոնական հատվածում՝ Դարպասից մինչեւ Ղշլաղ (Վանաձորի Տավրոս թաղամասը) գնդապետ Նիկոլայ Ղորղանյանի հեծելազորն էր եւ Նժդեհի կամավորական ջոկատը։

Մայիսի 25-ին տեղի են ունենում մարտերը թուրքերի առաջապահ հետախուզական ստորաբաժանումների հետ։ Նժդեհի հեծյալներն ու Տեր-Մովսիսյանի մարտկոցը հերոսական կռվով ջախջախում են թուրքերին ու ստիպում փախչել։ Այս հաղթության լուրն էլ ավելի է ոգեւորում հայերին։ Այս մարտում էլ զոհվում է Գուրգեն Տեր-Մովսիսյանը։

Ղարաքիլիսայի հերոսականով հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը: Ղարաքիլիսայում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհն արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի:

Ղարաքիլիսայի ճակատամարտի օրերին ընթացել են նաև Սարդարապատի (մայիսի 21-29-ը) և Բաշ-Ապարանի (մայիսի 23-29-ը) հերոսամարտերը, սակայն Գարեգին Նժդեհի անունը, ինչպես արդեն նշեցինք, չի հիշատակվում ոչ Սարդարապատի, ոչ էլ Բաշ-Ապարանի հերոսամարտերում։

Ինչ վերաբերվում է Հովհաննես Բաղրամյանին, ապա նա մասնակցություն է ունեցել Սարդարապատի հերոսամարտին։

1918թ. մայիսի 20-ին թուրքական զորքերը հարավից ու հարավ-արեւմուտքից գրոհում են։ Իգդիրի ջոկատը, համաձայն մարտական պլանի, դիմադրություն ցույց տալով նահանջում է, անցնում Մարգարայի կամուրջը Սարդարապատի ջոկատին միանալու համար։ Մարտիկները պայթեցնում են Մարգարայի ու Կարակալայի կամուրջները, եւ Սուրմալուի ուղղությամբ առաջ շարժվող թուրքական զորքերը չեն կարողանում անցնել Արաքսը, որի հետևանքով ձախողվում է Սարդարապատում կռվող հայկական ուժերին թիկունքից հարվածելու նրանց ծրագիրը։

Ըստ Սիմոն Վրացյանի՝ հայկական զորքերի ընդհանուր թիվը մոտ 10 հազար էր՝ բաժանված հետեւյալ զորամասերի՝ 4-րդ եւ 5-րդ գնդերը, պարտիզանական 1-ին գունդը, Երզնկայի, Մակուի, Վանի 1-ին եւ 2-րդ, պարտիզանական ձիավոր գնդերը, Սմբատի, Դալի Ղազարի, Մուրադի խմբերը եւ 4 մարտկոց՝ 16 թնդանոթով։

Այս ուժերը բաժանված էին երկու մասի. մի մասը Դրոյի հրամանատարության տակ Բաշ-Ապարանի ճակատում, մյուսը՝ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանատարության տակ Սարդարապատի դաշտում։ Զորքերի ընդհանուր հրամանատարն էր զորավար Սիլիկյանը, սպայակույտի պետը՝ գնդապետ Վեքիլյանը։

Իսկ Բաղրամյանը Սարդարապատի հերոսամարտում ներգրավված է եղել որպես Հայկական 1-ին հատուկ հեծելազորային գնդի դասակի հրամանատար։ Այդ օրերի մասին Բաղրամյանի գործողությունների մասին տեղեկանում ենք հենց իր հուշերից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել