Panorama.am-ը գրում է.

«Ինձ մի բան է հետաքրքիր՝ դուք ինչի՞ եք էսքան ինձանով հետաքրքրվում»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը, երբ փորձեցին նրան հարցեր ուղղել։

Լրագրողները փորձեցին ճշտել, թե արդյոք իրավապահներն իր հետ կապ հաստատե՞լ են՝ կապված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազենի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու  հետ,  պատգամավորը պատասխանեց. «Դուք համերաշխ եղեք, հանգիստ եղեք, ամեն ինչ լավ կլինի»։ Այնուհետև ավելացրեց, որ ինքը որևէ մեկին չի սպառնացել, ավելին, նույնիսկ պատգամավորին չի տեսել։

Դիտարկման, թե ԱԺ ամբիոնից այդ մասին Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, Վարդան  Ղուկասյանը պատասխանեց. «Զարմանում եմ, թե ինչի եք էսքան խառնվում։ Ձեր տերերին ասեք, թող ինձանից հեռու մնան, ես շատ շնորհքով մարդ եմ՝ հայրենասեր, հավատացյալ, երկիր սիրող: Ինչո՞ւ եք այդքան խառնվել: Ալիևին այսքան հարց չեք տալիս, ինչքան՝ մեզ»։

Հարցին, իսկ ով է իր տերը՝ ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն,  պատգամավորը նշեց, որ իր տերն Աստվածն է. «Իմ տերն Աստվածն է, իսկ քո տերը չգիտեմ ով է: Ես տեր չունեմ, ես այն մարդկանցից եմ, որ  տերեր  չեմ փնտրել մինչև էսօր, մի բան էլ ես եմ ուրիշներին տեր լինում, իսկ դու մի տաս հատ կունենաս»:

Լրագրողները նորից հարցրեցին՝ վարչապետն իրեն զրպարտու՞մ է, Վարդան Ղուկասյանը նշեց. «Ես պաշտոն հարգող մարդ եմ, Հայաստանի Հանրապետության թագավոր, վարչապետ և կաթողիկոս հարգում եմ և կոռեկտության մեջ եմ ինձ պահում: Ասել է, միգուցե հետագայում կզգա, որ սխալվել է, ոչինչ, բան չկա: Ես իրեն լավն եմ ցանկանում, ամենաբարիքները»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել