Tert.am-ը գրում է.

Սպորտի և երիտասարդության փոխնախարար, «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումները քննարկելի չեն:

Tert.am –ի հետ զրույցում Խաչիկ Ասրյանը, անդրադառնալով ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշմանը, ավելացրեց.«Առավել ևս, որ Վահե Հակոբյանն ինձ համար հարազատ ընկեր է 1998 թվականից: Այսինքն՝ շուրջ 15 տարի մենք ջերմ, ընկերական հարաբերություններ ունենք և, բնականաբար, եթե ոչ ինձ համար, ապա էլ ո՞ւմ համար կարող է այդ որոշումը դրական լինել»:

Այնպես, որ ինչպես ասում են՝ առիթից օգտվելով Խաչիկ Ասրյանը ուզում է ջերմորեն շնորհավորել իր ընկերոջը՝ Վահե Հակոբյանին՝ «մարզպետի պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարվեց, որ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին՝ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը:

Խաչիկ Ասրյանը հավելեց, որ ոչ միայն ինքը, այլև Երևանում բնակվող բոլոր սյունեցիները, առավել ևս պետական պաշտոն զբաղեցնողները, ուղղակի պարտավոր են կանգնել Վահե Հակոբյանի կողքին և իրենց հնարավորության սահմաններում աջակցել նրան՝ Սյունիքի զարգացման գործընթացում:

Նշենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականից հետո այլ անունների թվում Խաչիկ Ասրյանի անունը ևս շրջանառվում էր որպես նոր մարզպետի հնարավոր թեկնածու: Ի պատասխան հարցի, թե չունի՞ անձնական որևէ բան, Խաչիկ Ասրյանը նշեց.«Իհարկե ոչ: Եվ ասեմ, որ ոչ միայն իմ անունն էր շրջանառվում, այլ հինգ-վեց մարդկանց անուններ, բնականաբար, ծնունդով սյունեցի, որոնց հետ նույնպես ընկերական հարաբերություններ ունեմ և այստեղ որևէ անձնական խնդիր չկա»:

«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան» ՀԿ-ի նախագահը, ի պատասխան հարցի, թե իր կարծիքով Սյունիքում պե՞տք է փոխվի բարոյահոգեբանական մթնոլորտը, նշեց, որ չի կարծում թե նման սրությամբ նման խնդիր է դրված:

«Բոլոր պետություններում, մարզերում լինում են հանցագործություններ, բայց այդ արատավոր երևույթների հետ մեկտեղ կա դրականը: Եվ ես վստահ եմ, որ դրականը ավելի շատ է»,– ասաց նա:

 Խաչիկ Ասրյանն այս համատեքստում հավելեց, թե Վահե Հակոբյանն այն անձն է, ով շատ մեծ փորձ ունի «Սյունիքի աշխարհագրական դիրքի» առումով: Ի պատասխան հարցի, թե սա ի՞նչ է նշանակում, «Սյունյաց արծիվների» ղեկավարն ասաց, որ նկատի ունի այն, որ նա ճանաչում է մարզը, գիտի այն՝ «հատկապես Կապանից մինչև Մեղրի»:

 Այսինքն՝ Վահե Հակոբյանը, ըստ Խաչիկ Ասրյանի՝ դրսի մարդ չէ, որին պետք է Երևանից նշանակեն ու նա վեց ամիս ժամանակ ծախսի մարզի խնդիրներին ծանոթանալու համար:

 Նշենք, որ ժամանակին Սյունիքի բնակչության անունից նամակներ էին տպագրվում, որ իրենք «ուզում են» իրենց մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Ի պատասխան հարցի, թե ընտրության դեպքում առավելությունն ո՞ւմ օգտին կլիներ, ՀՀԿ-ականը նշեց.«Եթե լիներ ընտրություն, որևէ սյունեցի չէր կարող ասել, թե որ արժանավոր սյունեցին կընտրվեր Սյունիքի մարզպետ»:

 Սակայն նա ավելացրեց, որ Սուրիկ Խաչատրյանն իր ինը տարվա գործունեության ընթացքում բավականին դրական հետք է թողել Սյունիքի մարզում:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել