Իրանում ուրբաթ օրվանից սկսվել են ցույցեր մի ապրանքի գնի թանկացման պատճառով, որն ամենաէժաններից է համաշխարհային մակարդակով հենց Իրանում։
Խոսքը բենզինի մոտավորապես կրկնակի թանկացման մասին է, քանի որ կա որոշում դրա մի լիտրը նախկին 15.000 ռիալի (մոտ 0.12 ԱՄՆ դոլար) փոխարեն (թեև կային պետական սուբսիդիաներ տարբեր խավերի ու զբաղմունքի տեր անձանց համար՝ ամեն ամիս մինչև որոշակի քանակ այն 10.000 ռիալով վաճառելու համար) այժմ վաճառել 30.000 ռիալով (մոտ 0.24 ԱՄՆ դոլար)՝ բացառությամբ յուրաքանչյուր անձին հասանելիք ամսական 60, իսկ տաքսու վարորդների դեպքում` 400 լիտրի, որը պետք է վաճառվի նախկին 15.000 ռիալով։
Բենզինի գնի թանկացման դեմ Իրանի բնակիչները ցույցեր են սկսել գրեթե ողջ երկրի տարածքով՝ Թավրիզից մինչև Մաշհադ։
Կան տեղեկություններ զոհերի և մեծ թվով ձերբակալվածների մասին, ինչը երեկ իր խոսքում հաստատեց նաև երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։
Երեկ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Շամխանին կոչ է արել ցուցարարներին վերջ տալ անօրինական գործողություններին (շենքերի, բենզալցակայանների հրդեհում ևն), իսկ շաբաթ երեկոյան՝ 20:00-ից, 24 ժամով անջատվել էր համացանցը և չէր գործում ողջ Իրանի տարածքում։
Չնայած ԱՄՆ-ն պաշտոնական մակարդակով ողջունել է ցույցերը և հայտնել, որ «սատարում է» ԻԻՀ քաղաքացիներին, սակայն Իրանից դուրս ապրող հենց իրանցի մի քանի փորձագետներ երեկ կանխատեսում էին, որ Իրանի իշխանությունները կհաղթահարեն այս իրավիճակը և առժամանակ կկարողանան խուսափել իրենց համար անցանկալի սցենարներից։