1in.am-ը գրում է.
Թուրքիան Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունից ակնկալում է քայլեր ժողովրդավարության վերականգնման ուղղությամբ: Այսպես է այսօր լրագրողներին մեկնաբանել Անկարայի դիրքորոշումը նախագահ Աբդուլլահ Գյուլը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Ամենից շատ մենք ցանկանում ենք, որպեսզի ժողովուրդը, քաղաքացիական իշխանություններն ու ընտրված ղեկավարները կրկին սկսեն կառավարել Եգիպտոսը: Պետք չէ վիրավորել առաջին ընտրված նախագահին: Պետք է քայլեր անել, որպեսզի ժողովրդավարությունը շարունակի զարգանալ այնտեղից, որտեղ այն կանգ էր առել»,- նշել է նա:
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը Եգիպտոսում տեղի ունեցողի հետ կապված հայտարարել է, որ բոլորը, ովքեր Եգիպտոսում հավատում են ազգի կամքին, ժողովրդավարությանն ու օրենքին, պետք է վճռականորեն դատապարտեն այնտեղ ձեռնարկված ռազմական հեղաշրջումը: Նրա խոսքով՝ այն հարվածել է ժողովրդավարությանը, օրենքին և ազգային կամքին և չի կարող ընդունվել որպես օրինական գործընթաց:



