Նրանք ցանկանում են վերադարձնել բոլոր հիմնական դերասաններին և սցենարիստներին։
Ինչպես հայտնում է Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին, լեգենդար «Ընկերներ» սերիալի հերոսները կարող են կրկին հավաքվել նոր սերիայում՝ HBO Max ծառայության համար: Այժմ նախագիծը քննարկվում է Ջենիֆեր Էնիսթոնի, Քորթնի Քոքսի, Լիզա Կուդրոուի, Մեթ Լեբլանկի, Մեթյու Փերիի և Դեյվիդ Շվիմերի հետ․ նրանք սերիալի վեց գլխավոր դերակատարներն են: Նաև բանակցություններ են ընթանում սցենարիստների` Դեյվիդ Քրեյնի և Մարթա Կաուֆմանի հետ:
Կարևոր է նշել, որ հիմա գաղափարը միայն բանակցությունների փուլում է, այնպես որ, այս լուրին վերաբերվում են թերահավատորեն: Բացի այդ, նույնիսկ, եթե կողմերը կարողանան համաձայնության գալ, թիմում նոր գլխացավանք է սպասվում` նկարահանումները հարմարեցնել դերասանների խիստ ժամանակացույցին:
HBO Max-ի և WBTV-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս լուրերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2019 թվականի վերջին «Ընկերները» լքում են Netflix-ը, և սերիալը 2020 թվականից հասանելի կլինի բացառապես HBO Max հարթակում: Դա անելու համար WarnerMedia-ն ստիպված կլինի վճարել հեղինակային իրավունքի սեփականատերերին տարեկան 85 միլիոն դոլար՝ հաջորդ հինգ տարվա ընթացքում: