Tert.am-ը գրում է.
Tert.am-ը զրուցել է երեկ ուշ երեկոյան Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստում որպես Սյունիքի մարզպետի թեկնածու հաստատված ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի հետ: Զրույցն ընթացել է հանրությանը հուզող տարաբնույթ հարցերի շուրջ, այդ թվում՝ Վահե Հակոբյանի հոր՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի՝ որդուն նախագահ տեսնելու ցանկության, ինչպես նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ «սառը հարաբերությունների» մասին: Tert.am-ի հարցին, թե արդեն շնորհավորանք ստացե՞լ է Սուրիկ Խաչատրյանից, Վահե Հակոբյանը պատասխանեց. «դեռ լույսը նոր է բացվել»:
Սյունիքի ապագա մարզպետ Վահե Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրել է այն քայլերը, որ պատրաստվում է իրականացնելՍյունիքում՝ որպես պետության ներկայացուցիչ հանրությանն առավել հուզող մի շարք հարցերի, ինչպես օրինակ՝ անհրաժե՞շտ է մարզում բարոյահոգեբանական իրավիճակ փոխել, արդյո՞ք շնորհավորանքներ ստացել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խարատրյանից և այլ հարցերի:
- Պարո՛ն Հակոբյան, երբ շրջանառվում էր Ձեր անունը՝ որպես Սյունիքի մարզպետի հիմնական թեկնածու, հենց Ձեր շրջապատից «մեսիջներ» էին գալիս, թե չեք ցանկանում մարզպետ դառնալ: Դա ասվում էր նաև այն համատեքստում, թե, այսպես ասած, արյան վրա չեք ցանկանում սկսել մարզպետական կարիերան: Ի՞նչ փոխվեց այս ընթացքում:
- Կայքերից մեկում նման տեսակետ եղել է: Դա ակնարկ էր, որ իմ շրջապատից էր իսկապես տրվել, բայց դա ուղղակի կարծիք է եղել, որ որոշ մարդիկ արտահայտել են՝ ոչ ավելի:
- Իսկ մարզպետ աշխատելու առաջարկը վաղու՞ց էր արվել:
- Ես, ճիշտն ասած, երեկ եմ իմացել՝ օրվա երկրորդ կեսին, երբ ինձ առաջարկվել է:
- Սյունիքի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը Tert.am-ի հարցին պատասխանելով, թե մի քիչ երիտասարդ չե՞ք Սյունիքի նման ռազմավարական մարզը ղեկավարելու համար, ասաց, որ ոչ, իսկական Ձեր պաշտոնավարելու ժամանակն է: Դուք էլ եք կարծու՞մ, որ բոլորովին էլ անփորձ ու երիտասարդ չեք:
- Գիտեք, որ տարիներ շարունակ ներկայացված եմ եղել օրենսդիր մարմնում՝ որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, և տարածաշրջանի հիմնախնդիրները միշտ էլ իմ ուշադրության կենտրոնում են եղել: Ավելին ասեմ՝ տարածքային կառույցների, համայնքների, գերատեսչությունների հետ միշտ էլ ակտիվ կապի մեջ եմ եղել: Եղել է աշխատանքային պրոցես, որպեսզի կարողանայինք ավելի գրագետ ու պատրաստված ձևով ներկայացնել այն խնդիրները, որ առկա են տարածաշրջանում: Անկեղծ ասած, ստացվել է, որովհետև ունեցել ենք լավ կոլեկտիվներ, համայնքապետեր… նույն մարզպետարանի կոլեկտիվը՝ բավականին հաջողված կոլեկտիվ է: Եվ կարծում եմ, որ այսօր ինձ համար որոշակիորեն այն թիմը, որ եղել է նախկինից, ինչու՞ չէ, հենց Էդիկ Բարսեղյանի ժամանակներից, էսօր էդ կուռ թիմը աշխատում է և, բնականաբար, մենք էդ թիմի հետ պետք է շարունակենք ծրագրերը, մեր պետության քաղաքականությունն իրականացնենք տարածաշրջանում:
- Ձեր հայրը երեկ հարցազրույց է տվել և ասել, թե՝ « մարզպետը դեռ քիչ ա, մեր տղան ավելի բարձր պաշտոնների ա գնալու» և, երբ հարցրել են՝«նախագա՞հ էլ», ասել է՝ «Անպայմա՛ն, իմ ցանկությունը դա ա: Զինվորը զինվոր չի, որ չի ուզում գեներալ դառնա»:
- Հայրս ոչ միայն Հայաստանի Հանրապետության լավագույն կառավարիչներից մեկն է, այլ, հաշվի առեք, որ նաև իմ հայրն է: Բնական է, որ ցանկացած ծնողի համար իր երեխայի առաջխաղացումը հաճելի է, ուրախալի: Կարծում եմ, որ եթե էդ տեսանկյունից ենք նայում՝ հորս բոլոր ցանկություններն արդարացված են:
- Սյունիքը համարվում է ինչ-որ առումով բարդ մարզ: Նաև՝ իր քրեական մթնոլորտով: Կարգուկանոն մտցնելու անհրաժեշտություն տեսնու՞մ եք, թե՞ ոչ: Որո՞նք են լինելու Ձեր առաջին քայլերը:
- Ես չգիտեմ՝ էդ վիճակագրությունը որտեղի՞ց է, բայց եթե նկատի ունեք էս վերջին ողբերգական իրադարձությունը, ասեմ, որ բոլորս էլ ցավ ենք ապրում դրա համար, և, կարծում եմ, մեր հասարակության մեջ անթույլատրելի են նման երևույթները: Պետք է զերծ մնալ էդ ամեն ինչից, բայց, ընդհանուր առմամբ, Սյունիքի մարզը նորմալ մարզ է՝ իր հոգսերով ու դարդուցավերով:
-Այնուամենայնիվ, մարզի բարոյահոգեբանական մթնոլորտում ինչ-որ բան փոխելու անհրաժեշտություն տեսնո՞ւ մ եք:
- Նորից եմ ասում՝ Սյունիքի մարզպետը՝ որպես տարածաշրջանում պետության ներկայացուցիչ, փորձելու է առավելագույնս էֆեկտիվ իրականացնել բոլոր այն խնդիրները, որոնք դրված են մարզպետի վրա:
- Իսկ որո՞նք են լինելու մարզի սոցիալ-տնտեսական առողջացման Ձեր քայլերը, ի՞նչ եք պատրաստվում անել:
- Մարզը ունի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներ, իրականացվում է քաղաքականություն, որը փորձելու ենք առավել արդյունավետ իրականացնել: Բնականաբար, նաև նոր մոտեցումներ, նոր սկզբունքներ, դա շատ բնական է, և ես՝ լինելով երիտասարդ, նաև ինքս պարտավորված եմ մեծ պատասխանատվությամբ լծվել էդ աշխատանքներին, որ կարողանանք որակյալ լուծումներ առաջարկել:
- Տարածաշրջանի թիվ մեկ հիմնախնդիրը ո՞րն եք համարում:
- Նորից եմ ասում, սոցիալական, տնտեսական, գործազրկության մակարդակ, տարբեր… որոնց պետք է կարողանանք քայլ առ քայլ մոտենալ և լուծել: Կան խնդիրներ, որ երկարաժամկետ են, կան, որ կարճաժամկետ են.. Փորձելու եմ վերաարժեքավորելով, վերագնահատելով, ճշգրտելով՝ առաջնահերթությունները սահմանել: Որ յուրաքանչյուր սյունեցի կարողանա Սյունիքում իրեն լավ զգալ ու ապրել:
-Կասե՞ք, թե Սուրիկ Խաչատրյանի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք: Կա կարծիք, թե դրանք այնքան էլ լավ չեն եղել:
- Աշխատանքային հարաբերություններ են եղել, նորմալ… դե, ինչ-որ ժամանակահատվածում եղել են ինչ-որ էպիզոդներ, այո՛, եղել է սառը վիճակ, բայց էսօր մարդկային հարաբերություններ են, ինչ-որ խնդիրներ չկան:
- Իսկ Ձեզ չի՞ զանգահարել, շնորհավորել :
-Դե, գիտեք, որ հրամանը դեռ չկա, և, ինչպես ասում են, դեռ լույսն էլ նոր է բացվել…
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



