Բրիտանացի գիտնականները պարզել են, որ հավի ճուտիկները «հավի խելք» չունեն, հաղորդում է The Times of India-ն: Մասնագետների հետազոտությունը ցույց է տվել, որ հավի ճուտիկները բավական բարդ ունակություններ ունեն, այդ թվում ինքնավերահսկման եւ հաշվելու կարողությունները:
Այդպիսի ունակություններ, որպես կանոն, չունեն անգամ մինչեւ 4 տարեկան երեխաները:
Բրիստոլի համալսարանի պրոֆեսոր Քրիստին Նիկոլը, ով այս խնդրով զբաղվում է շուրջ 20 տարի, ապացուցում է, որ հավերի հիմար լինելու մասին պատկերացումները ճիշտ չեն: Նա համոզված է, որ հավերը «բազմաթիվ թաքնված տաղանդներ» ունեն, հաղորդում է GlobalScience.ru.-ն:
Հավի ճուտիկի մտավոր ունակությունների զարգացման արագությունը զարմացրել է գիտնականներին: Նոր լույս աշխարհ եկած ճուտիկը մի քանի ժամ անց արդեն կարող հաշվել մինչեւ 5-ը, որն ապացուցվել է փորձարկումների միջոցով: Մասնավորապես, ճուտիկներին ստիպել են ընտրել այն ամանը, որի մեջ ավելի շատ ձվեր կան:
Փորձարկումը նաեւ ցույց է տվել, որ հավի ճուտիկները հասկանում են, որ եթե անգամ օբյեկտը վերանում է իրենց տեսադաշտից, միեւնույն է, այն գոյություն ունի: Համեմատության համար նշենք, որ մինչեւ մեկ տարեկան երեխաները դա չեն գիտակցում: