Թուրքիայի պահվածքը լուրջ մտահոգություն է առաջացնում: Այս մասին հայտարարել է ԿՀՎ նախկին ղեկավար Դևիդ Պետրեուսը: Սակայն նա նախկինի պես կարծում է, որ Վաշինգտոնը որպես դաշնակից Անկարայի կարիքն ունի և պետք է ջանքեր գործադրի լարված հարաբերությունները հարթելու համար:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում վերջին շրջանում Թուրքիայի կառավարության արտաքին քաղաքականությանը, նա պատասխանել է. «Դա խորին մտահոգություն է առաջացնում, և մենք պետք է անկեղծ լինենք մեր թուրք դաշնակիցների հետ: ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում բարդ ժամանակներ են, սակայն երկու երկրները ՆԱՏՕ-ի գործընկերներ են»,- ասել է Պետրեուսը, հաղորդում է CNBC-ը:

«Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի գնումը, որը Թուրքիային թույլ չի տա ամերիկյան F-35 կործանիչներ գնել, չի ողջունվում»,- հավելել է նա:

Նրա խոսքով՝ Թուրքիան «ՆԱՏՕ-ի համար ռազմավարապես շատ կարեւոր երկիր է»:

Նա նաև անդրադարձել է Սիրիայի հյուսիս-արևելք Թուրքիայի ներխուժման հարցին, որը քննդատել են ամերիկացի օրենսդիրներն ու անվտանգության փորձագետները:

Պետրեուսը նշել է, որ ԱՄՆ ներկայիս առաքելությունը «Իսլամական պետության» պարտությանը հասնելն է: Նա նաև նշել է Սիրիայում Թուրքիայի բուֆերային գոտու հստակ տարանջատման անհրաժեշտությունը, որպեսզի «ԱՄՆ-ը որոշի, թե որտեղ պետք է տեղակայվեն իր ուժերը՝ սիրիացի քրդերին պաշտպանելու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել