Pastinfo.am-ը գրում է․

Իշխանության դեմ վերջին ընդվզումներում  տարբեր հասարակական-քաղաքական շերտեր են մասնակցում։ Թվում է, թե խնդիրները լոկալ են, բայց  դրանցում մասնակցում են  տարբեր շերտեր։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական մթնոլորտին ու իշխանության դեմ ուղղված բողոքի գործողություններին։

«Օրինակ, կրթամշակութային խնդիրների դեպքում բողոքին մի կողմից  մասնակցում է ապաքաղաքական համարվող ուսանողությունը, որը իր գնահատականով հանրային շահի համար է պայքարում, մյուս կողմից,  կա քաղաքական ուժի մասնակցություն՝  ի դեմս ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչների, որոնք սրությամբ բարձրացնում են այն  խնդիրները  որոնք բխում են  իրենց կուսակցության ծրագրային դրույթներից։ Տվյալ դեպքում, մենք տեսնում ենք, որ շատ դեպքերում այս  շերտերի հետաքրքրությունները խաչվում են եւ նրանք հանդիպում են նույն խաչմերուկում՝ ԿԳՄՍ նախարարության շենքի առջեւ»,-ասաց քաղտեխնոլոգը։

Միեւնույն ժամանակ, Վիգեն Հակոբյանի խոսքով, այդ շերտերին գումարվում է նաեւ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարողները,  տարբեր քաղաքական  ուժեր եւ գործիչներ։ Փաստացի, նստացույցի մասնակիցները նաեւ ընդդիմադիր խմբակցություններին կոչով դիմեցին, ինչը, ըստ քաղտեխնոլոգի, սկսում է քաղաքական դարձնել բողոքի ակցիաները։  «Սա այն դեպքն է, երբ լոկալ թվացող, փոքր խնդիրները հասարակական-քաղաքական ակտիվ խավերի համար կոնսոլիդացման կետ կարող են լինել»,-նշեց քաղտեխնոլոգը։

Վիգեն Հակոբյանի խոսքով, իշխանության մոտ հիմա պրոբլեմների կուտակում է, ինչով էլ հենց բացատրվում է վարչապետ Նիիկոլ Փաշինյանի սուր արձագանքները նշված խնդիրներին։ «Ամբողջ ամռան վերջը եւ աշնան սկիզբը  Ամուլսարի խնդիրն էր, որի լուծումը իշխանությունը չգտավ եւ գերադասեց սառեցնել հարցը, թեեւ կան բոլոր նախադրյալները, որ թե դրսից, թե ներսից պահանջներ կան, որ Ամուլսարի խնդիրը լուծվի կամ այս կողմ, կամ ՝ այն։ Մյուս կողմից, կա Ստամբուլյան կոնվենցիայի խնդիրը, որը հայտարարվեց, թե հետաձգվելու է, բայց տեսնում ենք, որ փորձում են հարցը քննարկել ու հավանաբար, դրանով է  պայմանավորված ՀՀ-ԵՄ համաձայնագրի վերջնական վավերացումը ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, կան չլուծված այլ խնդիրներ՝ Ռոբերտ Քոչարյանի, Հրայր Թովմասյանի եւ ՍԴ-ի շուրջ  ակնհայտ ճգնաժամային իրավիճակը, երբ իշխանությունը  որեւէ կերպ չի կարող ստանալ իր համար ցանկալի արդյունքը, այսինքն, այս բոլոր խնդիրները եւ պրոցեսի  քաղաքականացումը լարվածություն է մտցնում իշխանության ներսում եւ ամեն անգամ հրապարակային խոսքից հետո այդ պրոբլեմներըոչ թե նվազում, այլ ավելանում են» ,-նշեց Վիգեն Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով,  ապաքաղաքական թվացող գործընթացների քաղաքականացումը  դասական մոտեցում է  եւ պարզ է, որ քաղաքական ուժերը պետք է տեղավորվեն պրոցեսների մեջ. «Ցանկության դեպքում բոլոր խնդիրները անկախ փաթեթավորումից, կարող են կոնսոլիդացիայի հիմք հանդիսանալ։ Ես չեմ պնդում, որ այս պրոցեսը կարող է լուրջ զարգացումների բերել, բայց սա քաղաքական մթնոլորտ է ձեւավորում , իսկ քաղաքականության մեջ կարեւոր է մթնոլորտը, ճահի՞ճ  է՞, թե՞ հոսող ջուր»։

Ինչ վերաբերում է  վարչապետ Փաշինյանի ՝ ԱԱԾ-ին  տրված հանձնարարականին ՝ «պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները», , քաղտեխնոլոգը հիշեց, որ սատանիստների» թեման վերջերս մի քանի անգամ հայտնվել էր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներում ու ասաց, որ Փաշինյանը փորձում է թեման թրոլինգ անել եւ անլրջացնել հասարակության տարբեր շերտերից հնչող մտահոգությունները, ինչը եւս հայտնի տեխնոլոգիա է։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք այդ գործելաոճը չի անլրջացնում հենց իր՝ վարչապետի քայլերը, քաղտեխնոլոգը նկատեց, որ իսկապես հարց է առաջանում, թե որքանո՞վ է պատեհ ԱԱԾ- ի նման լուրջ գործառույթներ ունեցող կառույցին ներքաշել այդ ամենի մեջ։

Հիշեցնենք, կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱԱԾ-ին հանձնարական է տվել պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները: Փաշինյանը, թեեւ ժպիտը դեմքին, նշել էր թե դա կատակ չէ։ «Առանց կատակի, ես էդպիսի հանձնարարական տվել եմ: Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, դա անվտանգության խնդիր է», - հայտարարել էր վարչապետը, ապա դիմել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, որ նա հաստատի նման հանձնարարականի առկայությունը։ Վերջինս էլ հաստատել էր. «Այո՛, իսկապես, մի քանի օր առաջ էդպիսի հանձնարարական ենք ստացել», սակայն չի հստակեցվել սատանաների վերաբերյալ վարչապետի հանձնարարությունը բանավոր է եղել, թե գրավոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել