Հերթական անգամ շահարկվեց մեր պատմության արյունալի էջը, հերթական անգամ մեծ խաղի մասնիկ դարձանք:
Ինչպես և կանխատեսել էի, ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը արգելափակվեց:
Վետոն դրվեց ԱՄՆ Սենատի իրավական կոմիտեի ղեկավար, հանրապետական սենատոր Լինդսի Գրեմնի կողմից, ով ԱՄՆ նախագահի մտերիմներից է համարվում:
Հետաքրքիր է, որ սենատորը վետոյի իրավունքից օգտվելը բացատրել է այն հանգամանքով, որ սենատորները չպետք է փորձեն չափազանցնել պատմությունը կամ փորձեն նորից գրել այն։ Նա ավելացրել է, որ դեմ է այդ բանաձևին «ոչ թե անցյալի, այլ ապագայի համար»։
Հատկանշական է, որ սենատորը դա արել է Թրամփի և Էրդողանի հետ հանդիպումից հետո, երբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի պատմական արխիվները բաց են, և նրանք պատրաստ են պատմաբաններին տրամադրել ցանկացած փաստաթուղթ: Ըստ Էրդողանի` այդ իրադարձությունների գնահատականները պետք է տրվեն ոչ թե քաղաքական գործիքների, այլ պատմաբանների կողմից:
Ցավում եմ, որ մեր իշխանություններն այդպես էլ չկարողացան գտնել համագործակցության ուղիներ ԱՄՆ հանրապետականների հետ` ալեգորիկ կերպով «մերժելով» անգամ ԱՄՆ հանրապետականներին:
Բայց և կարծում եմ, որ վետոյի պատճառը ավելի պարզ է, քան մենք կարծում ենք․ Թուրքիայի դեմ ճնշման ուժն ի սկզբանե հաշվարկված է եղել միմիայն Ներկայացուցիչների պալատի հայտարարության աստիճանով:
Խաղաղություն և լույս իջնի Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հոգիներին: