Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպումը և «պարկովշիկների» համակարգի վերացումն իհարկե դրական քայլ է: Սակայն, քաղաքապետարանի համապատասխան որոշումը բավական անհասկանալի է և ոչ արդյունավետ:
Նախատեսվում է ավտոկայանատեղիներ գծանշել ընդհանուր օգտագործման փողոցների երթևեկելի հատվածներում, որտեղ կայանելը սահմանվում է բացառապես ճանապարհային երթևեկության կանոններով: Այսինքն` ավտոկայանատեղեր են «կառուցվում» փողոցի այն հատվածներում, որտեղ առանց այն էլ, համաձայն երթևեկության կանոնների, թույլատրվում է կայանել: Վարորդները ստիպված են վճարել մի ծառայության համար, որը չի մատուցվում: Վճարովի ավտոկայանատեղերի տրամաբանությունը հետևյալն է` առկա է սահմանված հատուկ առանձնացված տարածք, որը կառուցվում է որպես ավտոկայանատեղի և օգտագործվում է բացառապես որպես ավտոկայանատեղի: Անհասկանալի է փողոցի երթևեկելի հատվածներում վճարովի ավտոկայանատեղերի սահմանումը:
Ի դեպ, փողոցներ կան, որոնց մի մասը սահմանված է որպես վճարովի ավտոկայանատեղի, իսկ մի մասում ոչ, որտեղ սակայն նույնպես թույլատրվում է կայանել:
Վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպումն իրականացնում են «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ և «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումը: Համաձայն պայմանագրի` հավաքագրված տուրքի 70 տոկոսը հատկացվում է այդ ընկերություններին, իսկ քաղաքային բյուջե է փոխանցվում միայն 30 տոկոսը:
Քաղաքապետարանը շարունակում է հպարտանալ մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունավետությամբ: Սակայն, ակնհայտ է, որ ցանկացած մասնավոր ընկերություն հետապնդում է շահույթ, և այս պարագայում էլ այդ ընկերությունների ծախսերը կազմելու են ավելի քիչ, քան հավաքագրվող գումարների 70 տոկոսը: Ի՞նչն է խանգարում քաղաքապետարանին ինքնուրույն իրականացնել այդ ծրագրերը և ստանալ լրացուցիչ եկամուտ:
Ի դեպ, 2013թ. Երևանի բյուջեով նախատեսվում է հավաքել 1 մլրդ դրամ տուրք, որից 700 մլն դրամը տրամադրվելու է այդ ընկերություններին:
Հետաքրքիր է նաև մրցույթը հաղթած «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ անվանումը, տեսնես ինչո՞վ էր զբաղվում վերջերս գրանցված այս ընկերությունը մինչև մրցույթը հաղթելը, որի անվանումը թարգմանաբար նշանակում է ավտոկայանատեղերի քաղաքային ծառայություն: Երևի համընկել է:
Ընդամենը անհրաժեշտ էր քաղաքը մաքրել «պարկովշիկների» համակարգից, կառուցել առանձնացված ավտոկայանատեղիներ` թեթևացնելով քաղաքի ծանրաբեռնվածությունը, թե չէ նույն տրամաբանությամբ կարելի է մայթին 10 րոպե կանգնելու համար տուրք սահմանել նաև հետիոտն քաղաքացիների համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mesrop.arakelyan/posts/418974388217026
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել