Pastinfo.am-ը գրում է.

Տնտեսական ակտիվությունն այս տարի ինն ամսում կազմել է 7.1 տոկոս, ավելի  բարձր աճով աճում է արդյունաբերական արտադրանքը 9.7 տոկոս, իսկ գյուղատնտեսությունն այս տարի շարունակում է անկում արձանագրել՝ 4.8 տոկոսի չափով։ Այս մասին ԱԺ 2020 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով 2019 թվականի 9 ամիսների տվյալներին։

«Շինարարության աճը կազմում է 4.4 տոկոս, ծառայություններն աճել են 15.5 տոկոսով։ Այդ թվում ուզում եմ շեշտել, որ վերջին օրերին հրապարակվեց զբոսաշրջության բնագավառին  վերաբերող վիճակագրություն, որը փաստում է, որ ինն ամիսների ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակն աճել է 14.4 տոկոսով»,-նշեց նախարարը։

Նա հավելեց, որ ամենամեծ թվով Հայաստան են այցելում Ռուսաստանի Դաշնությունից եկող զբոսաշրջիկները, որոնց թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 23.1 տոկոսով։ ԱՄՆ-ից ժամանողների թիվն  այս տարի 18.5 տոկոսով են շատ, Գերմանիայից ժամանողները՝ 45 տոկոս, Ֆրանսիայից՝ 21, Լիբանանից՝ 29-ը։ Տիգրան Խաչատրյանն արձանագրեց ևս մեկ հետաքրքիր փաստ, որ Հարավային Կորեայից ժամանողների թիվը նախորդ տարվա համեմատ 37.6 տոկոսով է ավել, Չինաստանից ժամանողների թիվը՝ 42.1 տոկոսով և Ճապոնիայից ժամանողները՝ 18.5 տոկոսով. «Սա հատում եմ նշում, որովհետև սա վկայում է Հայաստանի զբոսաշրջային գրավչության փոփոխության մասին հատկապես զարգացած երկրներից ժամանող զբոսաշրջիկների համար, ինչը մեզ նաև հուշում է, որ եկող տարի ունենալու ենք նույնպես զգալի հետաքրքրություն այն զբոսաշրջային ուղղությունների վերաբերյալ, որոնք առկա են Հայաստանում և որոնց նկատմամբ ճանաչումն աշխարհում գնալով ավելանում է»,-նշեց նախարարը։

Նա ընդգծեց ևս մեկ կարևոր մակրոտնտեսական ցուցանիշ. «Այս տարվա ինն ամիսների ընթացքում ապրանքների արտահանումն աճել է 7.9 տոկոսով։ Ուզում եմ շեշտել, որ պատրաստի սննդի արտադրանքը նույն ամիսների ընթացքում աճել է 14.9 տոկոսով, այսինքն էապես ավելի բարձր, քան ընդհանուր ապրանքների արտահանման ցուցանիշն է։ Սարքերի և ապարատների արտահանումը՝ 13.5 տոկոսով, բուսական ծագման արտադրանքի արտահանումը՝ 15.2 տոկոսով։ Բարձր աճ է արձանագրում նաև հանքահումքային արտադրանքի արտահանումը, որը կազմել է 12 տոկոս»,-հավելեց Էկոնոմիկայի նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել