Աֆրիկացի թագավոր Տոգբե Նգորիֆիա Կիֆա Կոսի Բանսան կամ, ինչպես նրան սովոր են կոչել, թագավոր Բանսան, արդեն երկար տարիներ է՝ ապրում է Գերմանիայում ու կառավարում է իր երկիրը Skype-ի միջոցով։ Ինչպե՞ս է այդպես ստացվել։ 

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 66-ամյա թագավորն իր ուսանողական տարիներին տեղափոխվեց Գերմանիա ուսում ստանալու նպատակով և ուղղակի սիրահարվեց այս երկրին ու որոշեց մնալ այնտեղ ընդմիշտ։ 1987թ․-ին Բանսան հռչակվեց «Խոխո»-ի թագավոր, քանի որ նրա պապը պահացավ, իսկ հայրն ու եղբայրը, ըստ ընդունված օրենքի, չէին կարող ստանձնել թագավորի պարտականությունները։ 

Այդ ժամանակ է, որ Բանսան դառնում է օրինական թագավոր։ Նրա թագադրման արարողությունը տեղի է ունենում 1992թ.-ին, որից հետո Բանսան որոշում է, որ պարտադիր չէ տեղափոխվել Աֆրիկա իր պարտականությունները լավ կատարելու համար, նա կարող է նաև կառավարել հեռախոսի ու, մասնավորապես, Skype-ի միջոցով։ 

Բանսան շարունակեց ապրել Ֆրանկֆուրտից ոչ այնքան հեռու գտնվող փոքրիկ մի քաղաքում իր գերմանուհի կնոջ հետ։ Գերմանիայում Բանսան ունի ավտոտնակ, որտեղ նորոգում է մեքենաներ ու գումար վաստակում։ Սակայն նա չի մոռանում իր պարտականությունների մասին։ Բանսան օրը մի քանի անգամ զանգում է իր ենթականերին ու փորձում նրանց օգնել երկրի կառավարման հարցերում, կարգավորում վեճերը, լուծում ֆինանսական խնդիրները և այլն։ 

Արտասահմանյան աղբյուրները նշում են, որ թագավորը երբեմն անգամ օրերով չի քնում իր պարտականությունները լավ կատարելու համար, իսկ տարին գոնե 6 անգամ այցելում է իր երկիր՝ համոզվելու համար, որ ամեն բան ընթանում է իր բնականոն հունով։ Վերջին այցելության ժամանակ Բանսան նկատել էր, որ իր տունը թալանել են, ու տնից անհետացել են իր 3 թագերը, որոնք արժեին գրեթե 15.000 դոլար։ Անհետացումն այնքան աղմկահարույց էր, որ դրա մասին սկսեցին գրել տարբեր հայտնի լրատվական կայքերում։ 

Չնայած այս տեսակ միջադեպերին՝ Բանսան չի հրաժարվում կառավարման իր մեթոդներից ու շարունակում է երկիրը կառավարել հեռավորության վրա՝ մնալով միակ թագավորն աշխարհում, ով ապրում է լրիվ այլ երկրում, իսկ թագավորում՝ լրիվ ուրիշ երկրում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել