1in.am-ը գրում է.
«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի ղեկավար Պավել Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հիմնադրամի ծրագրերից մեկի համաձայն` առաջարկվում է հունիսի 15-ի պետական խորհրդանշանների օրը տեղափոխել հուլիսի 5-ին և նշել Սահմանադրության օրվա հետ համատեղ: Նա տեղեկացրեց, որ նախագիծն ԱԺ-ում է, կառավարությունն արդեն իր համաձայնությունը տվել է, և 2014 թվականին այս երկու տոները կնշվեն հուլիսի 5-ին:
«Մենք» հիմնադրամի կազմավորումից սկսած (2010թ.)՝ ամեն տարի հունիսի 15-ին անցկացվում է տոնական քայլերթ, սակայն այս տարի քայլերթը կանցկացվի հուլիսի 5-ին: Քայլերթը կմեկնարկի Ազատության հրապարակից, որի մասնակիցներն են 40-ից ավելի ՀԿ-ներ, երիտասարդական կազմակերպություններ, անհատներ:
Ինչպես նշեց պրն Սարգսյանը, կանցկացվի տոնական բեմականացված քայլերթ. «Այս ծրագրով փորձում ենք վերարժևորել տոնը և մեր պետական խորհրդանշանները: Քայլերթից առաջ մասնակիցներին կբաժանվեն եռագույններ, նրանց արդեն նախապես բաժանվել է մեր օրհներգը, ճանապարհին կերգենք նաև այլ երգեր»:
Քայլերթի ընթացքում տարբեր խաչմերուկներից մասնակիցներին կմիանան պարային-երաժշտական խմբեր: Այն կտևի 30-35 րոպե: Ազատության հրապարակից մասնակիցները կշարժվեն դեպի Սայաթ-Նովա փողոց, այնուհետև` Մաշտոցի պողոտա, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա և կրկին Ազատության հրապարակ, որտեղ կլինի կարճ տոնական համերգ: Քայլերթի մեկնարկը կտրվի ժամը 19.00-ին, վերոնշյալ փողոցներն այդ ընթացքում փակ կլինեն: