«Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը չեմպիոնի մասին է»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հակազդելով «Մել» վավերագրական ֆիլմի պետական ֆինանսավորման դեմ հնչեցված բողոքներին:
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից հնչեցվող նման տրամաբանությունը նույնքան ծիծաղելի ու մանկական է, որքան, եթե ԱՄՆ ժամանակի կառավարությունը հայտարարեր, որ Հիրոսիմայում նետված ատոմային ռումբի միայն միջուկային ռեակցիայի բաժինն է ֆինանսավորել:
Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունից կարելի է երկու եզրակացություն անել․ կա՛մ ՀՀ վարչապետը գիտակցում է, թե որքան թույլ են իր տրամաբանության հիմքերն, ու նայելով իրեն քվեարկած քաղաքացիների աչքերին՝ հերթական անգամ չգիտես ինչի տեղ է դնում նրանց, կամ էլ իրապես անկեղծորեն է նման հայտարարություն կատարել: Այդ դեպքում լուրջ կասկածի տակ պիտի առնել ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված նման թույլ տրամաբանության դիմաց հանձնվող վարչապետի միջազգային հարթակներում Հայաստանը ներկայացնելու և մասնավորապես՝ Արցախի հարցով բանակցելու լիազորությունն ու արժանավորությունը:
Եթե ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հաջողվել է նման թույլ տրամաբանությամբ «Մել» ֆիլմը ֆինանսավորելու հարցում համոզել Նիկոլ Փաշինյանին, պարզ չէ, թե նրանից ավելի հզորներին, այդ թվում՝ Իլհամ Ալիևի պես «կիրթ» նախագահին հաջողվելու է Արցախի հարցով ինչեր պարտադրել ՀՀ ղեկավարին: