Գաղտնի ծառայությունների բրիտանացի գործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի պլակատների՝ աշխարհում ամենախոշոր հավաքածուն Անգլիայի Prop Store աճուրդի տանը վաճառվել է 227,5 հազար ստեռլինգով (264,3 հազար դոլար): Այդ մասին հայտնել է Daily Mail թերթը:
Գերլրտեսին մարմնավորած ժողովրդականություն վայելող դերասանների, նրանց ընկերուհիների, ինչպես նաեւ թշնամիների պատկերներով գրեթե 500 պլակատներ միաժամանակ աճուրդի են հանվել առցանց եւ Ռիքմանսուորթ քաղաքում (Անգլիայի Հարթֆորդշիրի հարավարեւելման կոմսություն) գտնվող աճուրդների կազմակերպիչների կենտրոնակայանում:
Ամենաթանկ լոտը դարձել է բոնդապատումի չորրորդ ժապավենի՝ Thunderball-ի (1965 թ.), պլակատների հավաքածուն՝ ԱՄՆ-ից, ժապավեն, որտեղ Բոնդի դերակատարը Շոն Քոներին է: Այն վաճառվել է 12,5 հազար ստեռլինգով (14,5 հազար դոլար): Աճուրդում արժեքով երկրորդը` 8,1 հազար ստեռլինգ (9,4 հազար դոլար), Goldfinger (1964 թ.) կինոնկարի՝ պատվերով պատրաստված աֆիշան է, որտեղ 007 գործակալին դիմակայել է չարագործ Աուրիք Գոլդֆինգերը (գերմանացի դերասան Գերտ Ֆրեբե):
Աճուրդի տան ղեկավար Սթիվեն Լեյնի խոսքով՝ «Ջեյմս Բոնդի մասին պլակատների՝ աշխարհում խոշորագույն նորարարական աճուրդը շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել»:
Նա հույս է հայտնել, որ այս աճուրդը «կատալիզատոր կդառնա բլոքբասթերների պլակատների 2020 թվականին եւս երեք աճուրդներ կազմակերպելու համար»: Ներկա դրությամբ բրիտանացի գերլրտեսի մասին նկարահանվել է 24 ֆիլմ: Կինոնկարները հսկայական հաջողություն են ունեցել հանդիսականների առումով. ընդհանուր դրամամուտքերը կազմել են ավելի քան 10 մլրդ դոլար: 007 գործակալի արկածաների մասին Dr. No անվանումը կրող առաջին ֆիլմն էկրան է բարձրացել 1962 թվականին: Ներկայում բոնդապատումի վերջին սերիան՝ ռեժիսոր Սեմ Մենդեսի 007: Spectre-ը (2015 թ.), համաշխարհային վարձույթում վաստակել է ավելի քան 880 մլն դոլար: Բացի Քոններից, մեծ էկրանին տարբեր տարիների 007 գործակալներ են եղել Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը (1927-2017 թթ.), Թիմոթի Դալթոնը, Փիրս Բրոսնանը եւ Դենիել Քրեյգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: