Այսօր Սահմանադրական դատարանը կայացրել է քրեական դատավարության իրավունքին վերաբերող հերթական ֆունդամենտալ որոշումը, որն ուղղված է անձնական ազատության պաշտպանության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրացմանը։
Այս որոշումը լուծում է տարիներ շարունակ քրեական գործերով զբաղվող բազմաթիվ փաստաբանների կողմից բարձրացված խնդիրը՝ ապահովվելով մեր օրենսդրության համապատասխանությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկային։
Այն վերաբերում է գործի դատական քննության փուլում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԱՐԳԵԼՔԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ։
Այսպիսով՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին (անձնական ազատությունը), 61-րդ հոդվածի 1-ին մասին (դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը), 75-րդ (հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը) և 81-րդ (հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան) հոդվածներին հակասող է ճանաչել Քրեական դատավարության օրենսգրքի 376.1-ին հոդվածի 4-րդ կետն այն մասով, որ չի նախատեսում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումների վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն:
Փաստելով իրավական անվտանգությունը չխաթարելու անհրաժեշտությունը՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2020 թվականի ապրիլի 15-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին Քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու ընդունված որոշման պահանջներին:
Դրան զուգահեռ Սահմանադրական դատարանը սահմանել է, որ մինչև Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ նախատեսելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի հետևյալ մոտեցմամբ. գործի դատական քննության փուլում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները ենթակա են անմիջական բողոքարկման վերաքննության կարգով՝ առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու որոշումների բողոքարկման համար Օրենսգրքով սահմանված կարգով՝ առաջնորդվելով անձնական ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրացման ապահովման անհրաժեշտությամբ: