Ամերիկացի դերասան Քոլին Ֆարելը բանակցություններ է վարում չարագործ-Պինգվինի դերի համար DC-ի կոմիքսների հիման վրա նկարահանվող «Բեթմեն» ֆիլմում, որի ռեժիսորը Մեթ Ռիվզն է, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Պինգվինի, որին այդպես են անվանում իր պինգվինանման կազմվածքի պատճառով, որը նաև հայտնի է որպես Օսվալդ Քոբլփոթ, առաջին դեբյուտը կոմիքսներում եղել է 1941 թվականին: Նա հայտնի գանգստեր է DC-ի հանցագործ աշխարհում:
1992 թ.-ին Թիմ Բերթոնի «Բեթմենի վարադարձը» ֆիլմում Պինգվինի դերը խաղացել է Դենի Դե Վիտոն, իսկ 1960-ականներին «Բեթմեն» հեռուստասերիալում հերոսին խաղացել է Բերջես Մերեդիտը:
Մեթ Ռիվզի ֆիլմում գլխավոր՝ Բեթմենի դերը, կխաղա Ռոբերտ Փաթինսոնը, Կատու-կնոջը կմարմնավորի Զոե Կրավիցը, կոմիսարին՝ Ջեֆրի Ռայթը:
«Բեթմենի» նկարահանումները պետք է սկսվեն 2020-ի առաջին կեսին, պրեմիերան նախատեսված է 2021-ի հունիսի 25-ին: