Armdaily.am-ը գրում է.
Իրականում դրանում ճշմարտություն կա, Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում գոնե պաշտոնական հայտարարություններում նման հարց չի բարձրացրել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակներում ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությանը, թե եթե Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ գտնում է, որ Ադրբեջանի՝ Հայաստանի խաղաղ բնակչության ուղղությամբ արված կրակոցների հարցը պետք է դրվի քննարկման, ապա այդ հարցը քննարկան դնելու իրավունք ունի։
«Բայց ես չեմ լսել, որ Հայաստանը այդ հարցը դնի քննարկման»,-ասել էր Զատուլինը։ Կարեն Հովհաննիսյանն ընդգծեց, որ հարցին պետք է նայել մյուս կողմից։
«Այնպես չէ, որ Հայաստանը պետք է բարձրաձայնի և ՀԱՊԿ-ի շրջանակներում հարց բարձրացնի, որ ՀԱՊԿ-ը սկսի արձագանքել, եթե ՀՀ-ն հայտարարություն է տարածում, որ ադրբեջանական կողմը կրակել է, ապա ՀԱՊԿ-ը պարտավոր է արձագանքելու դրան, քանի որ մենք, ի վերջո, ՀԱՊԿ-ի անդամ ենք և այնպես չէ, որ ՀԱՊԿ-ի համար պետք է լինի հատուկ հայտարարություն։ Զատուլինի հայտարարությունն հասկանալի է, նա ասում է, որ ՀԱՊԿ-ին հատուկ չի ներկայացվել, սակայն սա բաց է, որից փորձում են օգտվել»,-ասաց նա։
Այդուհանդերձ, ըստ փորձագետի՝ հարցի մյուս կողմ էլ կա։ Խնդիրն այն է, որ մենք Տավուշի մարզում դեռևս չունենք հստակեցված սահման, այլ ունենք դիրքեր։
«Ամենամեծ խնդիրը կարծես թե հենց սա է, և ՀԱՊԿ-ը փորձում է խնդիրը շրջանցել այս կերպ։ Այն սահմանը, որ առկա է քարտեզի վրա, բնության մեջ գոյություն չունի, այնտեղ բոլորովին այլ դիրքեր են, այլ դիրքավորվածություն է։ Եթե օրինակ հայ-վրացական սահմանի վրա որևէ միջադեպ լինի՝ ՀԱՊԿ-ը անպայման կարձագանքի՝ անկախ նրանից ՀԱՊԿ-ի շրջանակներում հայտարարություն արել ենք, թե ոչ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հայկական կողմը պետք է անպայման հասկացնի, որ մենք ոչ թե ինչ-որ կազմակերպության հետ գործ ունենք, այլ ՆԱՏՕ-ին համարժեք ռազմավարական նշանակություն ունեցող միջազգային կառույցի և ՀՀ-ի պետական հայտարարությունը պետք է այդ կառույցն ընդունի ի գիտույթուն։
«Այսինքն պարտադիր չէ, որ այնտեղ գնան հայտարարություն անեն, որ նրանք ի գիտություն ընդունեն։ Ընդ որում, երբ խաղաղ բնակչության վրա են կրակոցներ լինում, միակ հայտարարությունը, որ արվում է, ապա կոչ են անում զգոնության, դրանք անհասցե հայտարարություններ են»,-ասաց նա։
Փորձագետի դիտարկմամբ՝ ՀԱՊԿ-ն ընդամենը կոչված է անդամ պետություններին՝ դեպի ՆԱՏՕ ձգտելուց զերծ պահելուն։
«ՀԱՊԿ-ը Հայաստանի համար դեռևս ոչ մի ակնհայտ դրական բան չի արել։ Մենք հակամարտության գոտում ենք գտնվում և թերևս այն պետությունն ենք, որ կարիք ունի նմանատիպ կառույցի, բայց, ցավոք, այդ կառույցը մեր պետության առումով անգործության է մատնված»,-նշեց Հովհաննիսյանը։