Վերջին օրերին հաճախակի են անդրադարերը Հանրային խորհրդի գործունեությանը, ինչը ենթադրում է հետագա հնարավոր զարգացումներ: Այդ զարգացումների վատագույն սցենարն է Հանրային խորհրդի գործունեության դադարեցումը:
Անհրաժեշտ է ընդգծել, որ, Սահմանադրության 161-րդ հոդվածի համաձայն, Հանրային խորհուրդը Կառավարության խորհրդակցական մարմին է, իսկ Հանրային խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանված է «Հանրային խորհրդի մասին» օրենքով, hետևաբար, Հանրային խորհրդի վերացումը հնարավոր է միայն սահմանադրական փոփոխությունների եղանակով:
Բացի այդ, անդրադառնալով Հանրային խորհրդի օրենքով սահմանված խնդիրներին, որոնց իմպլեմենտացիան անհրաժեշտություն է, ակնհայտ է դառնում այս մարմնի անկյունաքարային դերը: Դրանք են.
1) քաղաքականության մշակման և իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելը,
2) պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելը, այդ թվում` քաղաքացիական հասարակության զարգացման քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ Կառավարությանն առաջարկություններ ներկայացնելը,
3) Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը,
4) հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելը,
5) սոցիալական գործընկերների (արհմիության, գործատուների, Կառավարության) միջև սոցիալական երկխոսությանն աջակցելը,
6) ընդհանուր ազգային խնդիրների շուրջ Հայաստանի և սփյուռքի հայության ջանքերի համախմբմանն իր գործառույթների շրջանակներում աջակցելը:
Հուսամ՝ այս դեպքում սխալ կողմից չեն մեկնարկվի բարեփոխումները և Հանրային խորհրդի՝ որպես Սահմանադրությամբ նախատեսված մարմնի լիազորությունների դադարեցման փոխարեն կմշակվեն և կներդրվեն վերոնշյալ խնդիրների կյանքի կոչմանն ուղղված մեխանիզմներ: