Այսօր Ազգային ժողովում տարբեր խմբակցությունների պատկանող պատգամավորները Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ քննարկում են անցկացրել Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, որոնք հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Հայաստան են ժամանել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) վավերացման գործընթացին աջակցելու համար։
Հրապարակված տեսանյութում կարող ենք նկատել, որ նիստին մասնակցում են իմքայլական պատգամավորներից Վլադիմիր Վարդանյանը, Վահագն Հովակիմյանը, Մարիա Կարապետյանը, Ռուբեն Ռուբինյանը, Թագուհի Ղազարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Վահե Էնֆիաջյանը, Գևորգ Պետրոսյանը, Արման Աբովյանը, Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանը: Հանդիպմանը մասնակցել են Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Բելկովան եւ Գրեվիոյի նախագահ Մարսելին Նաուդին:
Հանդիպման փակ բնույթը քննարկումների առիթ դարձավ: Մեր տեղեկություններով` հանդիպման փակ ֆորմատը առաջարկել են իշխանական պատգամավորները: Հանդիպման մասնակից պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ քննարկել են զուտ աշխատանքային հարցեր, որոնք կապված են ՀՀ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության, կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության արգելման վերաբերյալ կոնվենցիայի հետ կապված որոշ հարցերի հետ: Նիստին մասնակից պատգամավոր Գևորգ Պետրոսյանի` ԱԺ դիմաց տեղի ունեցող ցույցի մասնակիցների հետ զրույցից պարզ է դառնում, որ հանդիպման ընթացքում մասնակիցները չեն բավարարվել միայն աշխատանքային քննարկմամբ, այլ հնչել են նաև հատուկ և բովանդակային հարցեր:Հարկ ենք համարում նշել, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման շուրջ քննարկումները, որի նկատմամբ հանրությունը ոչ միանշանակ վերաբերմունք ունի, պետք է, որ անցնեն հանրային, բաց քննարկումների միջոցով, այլ ոչ թե անցկացվեն Կոնվենցիայի վավերացման ջատագով մի քանի պատգամավորների կողմից, այն էլ փակ հանդիպման ձևաչափով: Հանրությունը պետք է իմանա, թե ինչի շուրջ են բանակցում և քննարկում Հայաստանի իշխանությունները: Արդյո՞ք փակ հանդիպումների վերջնարդյունքը ընդունելի կլինի ժողովրդի լայն զանգվածների համար, թե՞ ոչ:
Ամբողջական հոդվածն այստեղ