Երևանի Կենդանաբանական այգու տարածք ներխուժած 5 շները թմրեցվել են, գիշերվա ընթացքում որևէ կենդանի չի տուժել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Երևանի Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից:

«Հինգ շներն արգելապատնեշից անցել էին, արդեն մտել էին Կենդանաբանական այգու տարածք: Նրանք թմրեցվել են մեր հատուկ սարքերի միջոցով: Գիշերը պահվել են կլինիկայում: Այսօր փոխանցվել են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ին, արդեն մնացած գործողություններն իրենք են անելու կենդանիների հետ՝ ստերջացում և այլն»,- ասաց աշխատակիցը:

Երևանի կենդանաբանական այգու մամուլի պատասխանատուի փոխանցմամբ՝ դժվար է նշել, թե արդյոք դրանք նույն շներն են եղել, որոնք այգու տարածք են ներխուժել նաև նախորդ օրերին:

«Դժվար է ասել՝ նույն շներն են եղել, թե ոչ, բայց նրանց մեջ կային միջին չափի, և միջինից մեծ ու բավական խոշոր չափերի շներ»,- նշեց նա:

Երևանի Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից հայտնեցին, որ գիշերն անցել է հանգիստ, և որևէ կենդանու անկում չի գրանցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել