Լուրջ հակասություն է առաջացել Անկարայի և Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ»-ի (SNA) միջև: Հակասությունը սկիզբ է առել այն բանից հետո, երբ Թուրքիան որոշել է SNA-ի կողմից սիրիական Ռաս ալ-Աին (Սարի Քանիա) քաղաքի մերձակայքից մի քանի օր առաջ գերեվարված սիրիական բանակի 18 զինվորներին հանձնել ռուսական ռազմական ոստիկանթյանը:
Հիշեցնեմ, որ այս 18 գերիների նկատմամբ բռնության տեսանյութը երբ հայտնվեց համացանցում, խիստ քննադատություն գնաց Թուրքիայի հասցեին, քանի որ այդ բռնություն իրականացնողները Թուրքիայի լիակատար աջակցությունն էին վայելում: Անկարան գերիներին հանձնել է հոկտեմբերի 31-ի ուշ երեկոյան, ինչի մասին «Սիրիայի ազգային բանակ»-ի հրամանատարությունն իմացել է միայն այսօր՝ նոյեմբերի 2-ին, և Անկարայի այս քայլը համարել դավաճանություն և մեջիքից դանակով հարված:
Այս միջադեպը բավականին լուրջ է ազդել Թուրքիայի զինված ուժերի և SNA-ի հարաբերությունների վրա: Հաղորդվում է, որ SNA-ից սկսել են հեռանալ զինված անձինք, սակայն դեռ հայտնի չէ՝ նրանք զենքերը վա՞յր են դնում, թե՞ մեկ այլ զինված խմբավորում են ստեղծելու:
SNA-ի գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ իրենք «ցնցված են այդ լուրից և համարում են դա դավաճանություն, քանի որ SNA-ի բազմաթիվ մարտիկներ ձերբակալված են ու պահվում են սիրիական ռեժիմի բանտերում»...
Ինչպես ասում են, կենացները շատանում են...