Tert.am-ը գրում է.

Վարչապետի համար նոր ինքնաթիռի, մեքենայի ձեռքբերումը, առանձնատների վերանորոգումը չասեմ չտեսություն է, բայց այստեղ կա ինքնադրսևորման, ինքնահաստատման, սխալ պատկերացումների խնդիր: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հրապարակախոս, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: 

«Հայաստանյան հիվանդություն է՝ մարդն արժևորվում է իր ունեցած պալատով, ավտոմեքենայով, հիմա` ինքնաթիռով, վաղը, մյուս օրը` «յախտա» առնելով: Այս ամբողջը մեր «քյասիբ» պետության համար շատ է»,- նշեց Հակոբ Ավետիքյանը:  

Նրա կարծիքով՝ ավելի նպատակային կլիներ մեքենայի, առանձնատների վերանորոգմանը տրամադրված և նոր ինքնաթիռի համար տրամադրվելիք գումարներն ուղղել սոցիալական, կրթական և բազմաթիվ այլ ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացմանը:

«Այլ երկրներում ընդունված է, որ քաղաքացին ունի լավ մեքենա, իր մեքենան տրամադրում է ղեկավարներին: Այդպիսի բան կարելի է ինչ-որ մեկին առաջարկել: Մարդիկ սիրում են նման բաներ, ասում են՝ իմ մեքենան օգտագործում է վարչապետը կամ նախագահը: Այլ երկրներում սա ընդունված է: Իսկ Հայաստանում կան մարդիկ` այնպիսի մեքենաներ են բերում, որ զարմանում ես: Եթե շատ է անհրաժեշտ նոր մեքենան, ճարը կգտնվի՝ առանց պետբյուջեի վրա հավելյալ ծախսերի: Հազար ու մի ծակ ունենք, պետք է փակենք, ո՞նց ենք անելու»,- ասաց հրապարակախոսը:

Հակոբ Ավետիքյանը՝ լրագրող և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաստիճան պաշտոնյաների կատարած ծախսերի քննադատությունը և հետագայում վարչապետի պաշտոնում նույն քայլերին դիմելը պայմանավորում է «մարդկային թուլությամբ»: «Մենք՝ լրագրողներս քննադատող ենք, ինքն էլ է քննադատել, բայց խորքային, համոզված չի եղել, պարզապես կամ նախանձել է, կամ ճշմարիտ խոսք ասելու համար արարել է, բայց այլ բան է՝ թե կյանքում դու ինչպե՞ս ես վարվում այդ ամբողջի հետ»,- նշեց «Ազգ» օրաթերթի խմբագիրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել