Շուրջ մեկ տարի առաջ՝ 2019թ.-ին թվականի հունվարի 26-ին, 44-օրյա հացադուլից հետո բանտում մահացավ Haynews.am կայքի պատասխանատու, Արցախյան ազատամարտի հաշմանդամ Մհեր Եղիազարյանը: Եղիազարյանն ընդամենը 50 տարեկան էր. կալանավորվել էր մահվանից շուրջ երկու ամիս առաջ, խարդախություն կատարելու ենթադրյալ հանցանքի համար, սակայն նա այդպես էլ չընդունեց մեղքը՝ պնդելով, որ իր դեմ ուղղորդված քննություն է ընթանում:
Մհեր Եղիազարյանի մահը «սառը ցնցուղ» էր հանրության համար, քանի որ իշխանափոխությունից հետո պատասխանատու մարմինների և, այսպես կոչված, իրավապաշտպան կազմակերպությունների տոտալ լռության պայմաններում անմեղ մարդ մահացավ բանտում 44 օր շարունակ սովի մատնվելու արդյունքում: Իսկ Եղիազարյանն անմեղ էր, քանի որ նրա մեղավորությունն այդպես էլ չապացուցվեց:
Այս պատմության մեջ ամենազարհուրելին այն է, որ թե՛ Եղիազարյանի փաստաբանները, թե՛ լրատվամիջոցները բազմիցս ահազանգել են նրա՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդության և վատթարացող առողջական վիճակի մասին, բայց դատարանը մերժել էր խափանման միջոցի փոփոխության հայցը՝ անազատության մեջ պահելով մեղքը չապացուցված մարդուն, մինչդեռ այն նույն դատարանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշման արդյունքում ազատ էր արձակել պետության վրա հարձակված, երեք ոստիկան սպանած և պատանդներ պահած զինված խմբավորման անդամներին:
Մհեր Եղիազարյանի հետ տեղի ունեցած ողբերգությունը Հայաստանի պատմության առաջին դեպքն է, երբ բանտում հացադուլի հետևանքով մարդ մահացավ: Եվ որքան էլ իրավասուներն արդարանան, թե մահկանացուն կնքելու պահին նա դուրս էր եկել հացադուլից, անհերքելի է, որ Եղիազարյանի մահը հացադուլի հետևանք էր: Եվ բժշկական կրթություն հարկավոր չէ հասկանալու համար, թե 44-օրյա քաղցն ինչ հետևանքներ կարող է ունենալ բազմաթիվ հիվանդություններ ունեցող, պատերազմի հաշմանդամի ճակատագրի վրա:
Մհեր Եղիազարյանի հետ տեղի ունեցած ողբերգությունը Հայաստանի պատմության մեջ բանտում լրատվամիջոցի ներկայացուցչի մահվան առաջին դեպքն է, այն էլ` առանց դատավճռի և ապացուցված մեղքի: Սա մեր պետության, դատական ու քաղաքական իշխանության ամոթն է:
Եղիազարյանի մահվանից անցել է շուրջ մեկ տարի, բայց նրան ապօրինաբար կալանքի տակ պահած և խոշտանգելով մահվան հասցրած ողբերգության պատասխանատուներից ու մեղավորներից որևէ մեկն այդպես էլ մինչ օրս չի պատժվել:
Երևի ճակատագրի հեգնանքն է, որ այս աղաղակող ապօրինությունն ու ողբերգությունը տեղի ունեցան իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանության օրոք, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանը անընդհատ հայտարարում է, թե «նոր Հայաստանում» մարդը արժեք է: Մինչդեռ Մհեր Եղիազարյանի ողբերգական մահը հակառակի մասին է վկայում:
Մհեր Եղիազարյանի հետ տեղի ունեցածը հիշեցի Հաց բերողի մահվան պատճառների և մեղավորների մասին չդադարող և հատկապես վերջին օրերին ակտիվացած խոսակցությունների ֆոնին: Այսօր էլ նրա մահվան մեջ նոր իշխանությունները մեղադրում են նախորդներին, նախորդները արդարանում են՝ կատարվածի պատասխանատվությունը դնելով նորերի «թևի տակ» հանգրվանածների ուսերին:
Մինչդեռ բոլորը՝ թե՛, այսպես կոչված, նորերը, թե՛ նախկիները և թե՛ գործող իշխանության կցորդը դարձած իրավապաշտպանները, մոռացության են մատնել Մհեր Եղիազարյանի հետ տեղի ունեցած ողբերգությունը՝ անտեսելով այն փաստը, որ եթե Հաց բերողի գործած ապօրինությունն անհերքելի էր, և խնդիրը միայն նման առողջական խնդիր ունեցող մարդուն անազատության մեջ պահելն էր, ապա Մհեր Եղիազարյանի մեղքն անգամ չէր ապացուցվել, և ի տարբերություն Հաց բերողի՝ Եղիազարյանը մահացավ բանտում, հացադուլի հետևանքով սրված հիվանդությունների պատճառով:
Մհեր Եղիազարյանը, այսպես կոչված, թավշյա Հայաստանի առաջին զոհն է: Եվ գործող իշխանության ներկայացուցիչները և նրանց սպասարկող «իրավապաշտպանները» Հաց բերողի հետ տեղի ունեցած ողբերգության մասին բարոյախրատական ճառեր ունենալուց առաջ պարտավոր են բարձրաձայնել Եղիազարյանի մահվան հանգամանքների ուսումնասիրման և մեղավորների պատասխանատվության ենթարկելու հարցը, քանի որ իրենք ևս հանցակից են: Մհեր Եղիազարյանը հենց նրանց լռության և թավշյա Չարդարդատության զոհն է:
Եղիազարյանի մահն ապացուցեց, որ, չնայած Նիկոլ Փաշինյանի պոպուլիստական ելույթներին, Հայաստանը հեռու է օրենքի գերակայության երկրի լինելուց, քանզի օրենքը՝ որպես մահակ, իսկ նախնական կալանքը՝ վրեժխնդրության գործիք է դարձել Փաշինյանի ձեռքում:
Ասվածի ամենաթարմ ապացույցը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված անհեթեթ և չպատճառաբանված մեղադրանքն ու ապօրինի կալանքն է, որի հակաօրինականությունն ապացուցված փաստ է որակել անգամ տոտալ ճնշումների արդյունքում Բաբայանին կալանավորելու որոշում կայացրած դատարանը: Արսեն Բաբայանը ծանր մեղադրանքով ավելի քան մեկ շաբաթ է՝ գտնվում է անազատության մեջ, բայց որևէ մեկը չի հասկանում, թե ինչ հանցանք է նա կատարել:
«Վնգստացող դատավորների» մասին Փաշինյանի հայտարարությունից, դատարանների մուտքերն արգելափակելու կոչից ու դատական իշխանության վրա գործադրվող բացահայտ ճնշումներից հետո ակնհայտ է, որ տեղի ունեցողը քաղաքական պատվեր է, իսկ Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է:
Հայաստանը երբեք էլ չի ունեցել դատական անկախ համակարգ, բայց եթե նախկինում համակարգը գործել է որոշակի տրամաբանության և օրենքների ու ընթացակարգերի արտաքուստ պահպանման պայմաններում, այժմ դատական համակարգը պատանդ է դարձել մեկ մարդու ձեռքին: Եվ այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է, ու նա կանգ չի առնելու իշխանության բոլոր ճյուղերն իրենց ենթարկելու ճանապարհին:
Ուստի ստեղծված իրավիճակը հիմք է տալիս կանխատեսելու, որ Մհեր Եղիազարյանը թեև թավշյա «արդարադատության» առաջին, բայց, ցավոք, վերջին զոհը չէ: Հաջորդը, ըստ ամենայնի, գեներալ Մանվելն է լինելու, որին, բարոյապես ոչնչացնելուց զատ, գործող իշխանությունը բանտում պահելով հասցնում է մահվան՝ անկախ այն հանգամանքից, որ նրան վերագրված հանցանքների զգալի մասը հիմնազուրկ լինելու հետևանքով այդպես էլ տեղ չգտան մեղադրանքում:
Եվ ակնհայտ է, որ այս կործանարար շրջապտույտը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունը համարժեք ու սթափ գնահատական չի տվել Նիկոլ Փաշինյանի ու նրա «ատելության կուսակցության» գործողություններին: Ժողովրդին ծառայելու խոստումներով իշխանության եկած, բայց սեփական բարեկեցության ու գոյության երկարաձգման հարց լուծող իշխանությունը հիմա զբաղված է դատական իշխանություն իրեն հնազանդեցնելով, որի վկայությունն են Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացները:
Եվ Մհեր Եղիազարյանի ողբերգական մահն ու Արսեն Բաբայանի ապօրինի կալանավորումը հուշում են, որ այս երկու անմեղ մարդու կարգավիճակում կարող է հայտնվել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, քանի որ մեր երկրում այլևս չկա ո՛չ օրենք, ո՛չ սկզբունք և ո՛չ էլ արվող քայլերի հետևանքները գիտակցելու ողջամտություն: