Աշխարհում գոյություն ունեցող բոլոր ժողովուրդներից ամենագրավիչներից են համարվում կարմիր յաո ժողովրդի կանայք, ովքեր սովոր են իրենց մազերը կտրել կյանքում ընդամենը մեկ անգամ։ Ե՞րբ և ինչո՞ւ են նրանք այդպես վարվում։ 

Եթե նայենք կարմիր յաո ժողովրդի կանանց, ապա միանգամից աչքի կընկնեն նրանց անասելի գեղեցիկ ու խնամված վարսերը, որոնք այնքան երկար են, որ կարծես երբևէ կտրված էլ չլինեն, բայց այդպես չէ։ Ժողովուրդն ապրում է Չինաստանի ու Վիետնամի որոշ հատվածներում ու կազմված է շուրջ 4500 մարդուց։ Այստեղ տարին մեկ անգամ մեծ արարողության ժամանակ հավաքվում են 18-ը լրացած բոլոր աղջիկներն, ու նրանց մայրերը բոլորի ներկայությամբ կտրում են նրանց մազերը։ 

Սա վկայում է, որ աղջիկն արդեն հաղթահարել է իր մանկությունն ու պատրաստ է ամուսնության։ Այս գեղեցիկ ավանդույթը դարեր շարունակ գործում է, ու ամեն տարի դրա արդյունքում մի քանի տասնյակ աղջիկ դառնում է կին։ Հետաքրքրական է, որ մինչ այդ աղջիկներն իրենց վարսերը պահում են հատուկ գլխաշորերի տակ, որպեսզի ոչ ոք դրանք չտեսնի։ Այստեղ հավատում են, որ եթե որևէ տղամարդ տեսնի որևէ աղջկա վարսերը, ապա պարտավոր է նրա հետ ամուսնանալ։ Մազերն այստեղ իրոք համարվում են ինտիմ գեղեցկություն, որոնցով կանայք զարդարում են իրենց միայն իրենց ամուսինների համար։ 

Ժողովրդի ներկայացուցիչներից մեկը նշում է, որ իրենք իրենց կտրված վարսերը զոհաբերում են Աստծուն, ով պետք է ընդունի դրանք որպես նշան, որ աղջիկն արդեն պատրաստ է ամուսնության ու հարմար ամուսին ուղարկի նրան։ Հետաքրքրական է, որ տեղի աղջիկները երբեք չեն ամաչում իրենց համակրանքը տղամարդու հանդեպ ցույց տալուց ու հայտնելուց։ Նրանք վստահ են, որ իրենք պետք է ցույց տան այդ համակրանքը, որպեսզի տղամարդն իմանա իրենց ցանկության մասին ու քայլ անի։ 

Արդեն ամուսնությունից հետո կնոջ սանրվածքն ամբողջովին փոխվում է։ Նա արդեն մազերը հավաքում է առանց որևէ գլխաշորի, սակայն այնպես, որ դրանք լինեն լրիվ հավաքված։ Անգամ ամուսնությունից հետո կնոջ արձակված մազերը կարող է տեսնել իր ամուսինը, որովհետև կանայք մազերն անծանոթի մոտ արձակելը համարում են մերկանալու պես մի բան։ 

Ամենաապշեցուցիչ հանգամանքն այն է, որ այդտեղի կանանց մազերն այնքան խնամված, փայլուն ու սև են, որ կարծես կանայք զբաղվում են միայն մազերի խնամքով ու ուրիշ ոչ մի բանի վրա ժամանակ չեն ծախսում, սակայն այդպես չէ։ Տեղի կանանցից մեկը բացահայտել է, որ իրենք ուղղակի դարերից եկած բաղադրատոմսով են խնամում իրենց վարսերը։ Այդ խնամքի միջոցը նրանք պատրաստում են բրնձի հատուկ տեսակից, հետո այն պահում են շուրջ մեկ ամիս ու քսում վարսերին։ Դրանից հետո միայն գետի ջրով են լվանում մազերը և հատուկ յուղեր քսում։ Սրա օգնությամբ կանանց մեծամասնության մազերի երկարությունը հասնում ու անցնում է 2 մետրից։ Դժվար կարելի է գտնել այստեղ որևէ կնոջ, ում մազերը գոնե մի քիչ սպիտակած կլինեն։ Դրանք սև ու փայլուն են։ 

Այստեղ նաև կարևոր է, որ կինը, բացի երկար մազերից, ունենա երգեցիկ ձայն։ Քանի որ տղամարդիկ հաճախ գնում ու աշխատում բրնձի դաշտերում, ձայնը կնոջը պետք է, որ նա հեշտությամբ կարողանա կանչել իր ամուսնուն։ Ոչ պակաս կարևոր են նաև փոքր ձեռքերը, որոնցով նրանք պետք է կարողանան գեղեցիկ գործվածքներ անել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել