Lragir.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական Կոմերսանտին տված հարցազրույցում հայտնել է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Կամիշլի քաղաքում բնակվող հայերի անվտանգության ապահովման հարցով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Սիրիայի հյուսիսում կա Կամիշլի քաղաք, որտեղ մոտ 3000 հայ է ապրում: Այս հարցով խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ: Մտահոգություն կար, եւ խնդրել եմ Ռուսաստանի նախագահին անել հնարավոր ամենը Կամիշլիի հայերի շահերը հաշվի առնելու համար: Այդ շրջանում լարվածությունը շատ մեծ էր Թուրքիայի ներխուժման պատճառով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վլադիմիր Պուտինին, որ այդ սեկտորում բնակվող հայերի շահերը հաշվի առան», – ասել է Փաշինյանը:

Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանը Սիրիայում շոշափելի ներկայություն ունի և անվտանգության ապահովման գործում նրա դերը մեծ է: «Ռուսաստանը շատ լծակներ ունի, որ նպաստի հայերի անվտանգության ապահովմանը», – ասել է Փաշինյանը:

Կոմերսանտի հարցին՝ արդյոք Պուտինը խոստացել է, որ Ռուսաստանը կերաշխավոի սիրիահայերի անվտանգությունը, Փաշինյանը պատասխանել է. «Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել է խոստումը: Նա ասել է, որ բանակցությունների ժամանակ հաշվի կառնվեն Կամիշլիի հայերի շահերը: Նրան տեղեկացրել եմ, որ մեծ հայկական համայնք կա: Տեսնում ենք, որ այդ զրույցը որոշակի դրական հետևանքներ ունեցավ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել