Razm.info-ն գրում է.
Այսօր՝ հուլիսի 4-ին, վթարի հարցերով զբաղվող հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ թվով երեք «Գլոնաս-Մ» նավիգացիոն արբանյակների հետ «Պրոտոն-Մ» հրթիռ-կրիչի վայրընկնումը կապված է հիմնականում շարժիչում վառելիքի համակարգի հետ առկա խնդիրների հետ։
Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը՝ հղելով սեփական աղբյուրներին։ Պաշտոնական հայտարարություններ դեռևս չեն եղել։
Հանձնաժողովը մանրամասնում է, որ 6 շարժիչներից մեկի խափանումն է վթարի առաջին հավանական պատճառ, իսկ ահա «Վեդոմոստի» պարբերականը գրում է հրթիռի կառավարման համակարգում առկա թերացումների հետևանքով ծագած վթարի մասին։
Նշենք նաև, որ արբանյակներն ապահովագրված չէին։ Որոշում էր կայացվել խնայողություն անել՝ ապահովագրելով միայն բացառիկ գիտական սարքավորումները։
Ըստ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մամուլի խոսնակի՝ բացի վթարի արդյունքում ստեղծված հանձնաժողովից՝ ձևավորվելու է նաև հատուկ կառավարական հանձնաժողով, որի հիմնական գործառույթներից է լինելու տիեզերական-հրթիռային բնագավառի բարեփոխումների նախագծի ստեղծումը։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հուլիսի 2-ին «Պրոտոն-Մ» հրթիռ-կրիչը թվով երեք «Գլոնաս-Մ» նավիգացիոն արբանյակների հետ վայր է ընկել արձակումից մեկ րոպե անց։ Այն տիեզերք էր արձակվել Ղազախստանի Բայկոնուր տիեզերական թռիչքների կայանից։ Հրթիռի արձակման աշխատանքներով զբաղվող խումբը կարողացել է պատսպարվել ապաստարանում: