Մինչ Հայաստանի քաղաքական դաշտը զբաղված էր «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչական դեպքի կապակցությամբ «Առաջին լրատվական»-ի գլխավորությամբ «նոր բացահայտումների» քննարկմամբ, Բաքվում իր աշխատանքն ավարտեց Չմիավորման շարժման 18-րդ գագաթնաժողովը, որի եզրափակիչ հաղորդագրության մեջ ոչ հայանպաստ ընդգծումներ գոյություն ունեն:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն օրերս քննադատել էր հակառակ դիտորդ անդամի հանգամանքին այդ նստաշրջանին Հայաստանի բացակայությունը: Դատելով նստաշրջանի ավարտին ընդունված և 120 երկրների հաստատումն ստացած եզրափակիչ փաստաթղթից՝ պարզվում է, որ ճիշտ է եղել Արմեն Աշոտյանի նկատողությունը:
Իհարկե, Ադրբեջանի պնդումների արդյունքում Չմիավորման շարժման նախորդ նստաշրջանների եզրափակիչ փաստաթղթերում միշտ էլ անդրադարձ է կատարվել Արցախի հարցի կարգավորման գործընթացին, որտեղ, ակնարկ կատարվելով ԼՂ հակամարտության կապակցությամբ, ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձևերին բացառվել է հակամարտության կարգավորման համար բռնի ուժի կիրառումը և ընդգծվել է հակամարտության համար «Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նաև միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանման» շրջանակներում լուծում որոնելուն ուղղված կողմերի ջանքերի անհրաժեշտությունը:
Հիշյալ պարբերությունը գրեթե նույնությամբ տեղ է գտել նաև Բաքվում գումարված Չմիավորման շարժման 18-րդ գագաթնաժողովի ավարտին ընդունված փաստաթղթում, սակայն դրան անմիջապես հաջորդում է մեկ այլ պարբերություն, որը նորություն է համարվում:
Եզրափակիչ փաստաթղթի 663-րդ կետում նշված է. «Այդ կապակցությամբ պետությունների և կառավարությունների ղեկավարները նաև ընդգծել են ուժի կիրառմամբ տարածքներ ձեռք բերելու անթույլատրելիությունը, վերահաստատել են, որ ոչ մի պետություն օրինապես չի ճանաչում այն իրավիճակը, որը բխում է Ադրբեջանի Հանրապետության տարածքների բռնազավթումից և չի աջակցում կամ օժանդակություն չի ցուցաբերում այդ իրավիճակի պահպանմանը, ներառյալ՝ այդ տարածքներում տնտեսական գործունեության միջոցով»:
Ուշագրավ է նաև փաստաթղթի 989-րդ կետը, որը հիշեցնում է հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հակահայկական մտքերը:
Փաստաթղթի հիշյալ կետն ընդգծում է. «Պետությունների և կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են Գլխավոր ասամբլեայի ընդունած A / Res / 73/157 բանաձևին և դատապարտել են նացիստական շարժման, նեո-նացիզմի նախկին անդամների ցանկացած ձևով փառաբանումը, ներառյալ՝ հուշարձանների ու հուշահամալիրների կառուցումը և նրանց մեծարմանն ուղղված միջոցառումները, նույնպես այն անձանց մեծարումը կամ մեծարմանն ուղղված ջանքերը, ովքեր պայքարել են հակահիտլերյան կոալիցիայի դեմ և համագործակցել են նացիստական շարժման մասնակիցների հետ»:
Փաստորեն, ՀՀ իշխանությունների և մասնավորապես՝ ՀՀ ԱԳ նախարարության բացարձակ անգործության արդյունքում Ադրբեջանին հաջողվել է առաջին անգամ Արցախի հարցի կապակցությամբ երկու ոչ հայանպաստ պարբերություն մտցնել Չմիավորման շարժման եզրափակիչ հաղորդագրության մեջ: Նաև փաստաթղթում տեղ է գտել պարբերություն, որը կրկնում է Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահի հնչեցրած մտքերն ու անուղղակի կերպով անդամ 120 երկրներին կոչ է անում դատապարտել Հայաստանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը: