Մեր մանկության ամենաբարի մուլտիֆիլմերից մեկը՝ «Սպիտակաձյունիկը», վերջերս իր մասին խոսելու նոր առիթներ է տվել, երբ գերմանացի հետազոտողները հայտարարեցին, որ գտել են մուլտհերոսուհու իրական գերեզմանը։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ պատմաբանների մի խումբ վստահեցրեց, որ հայտնի մուլտֆիլմը նկարահանվել է իրականում գոյություն ունեցող աղջկա պատմության հիման վրա, ու որ Գրիմ եղբայրները ոգեշնչվել են հենց նրա պատմությունից։
Մարիա Սոֆյա ֆոն Էրտալը՝ իրական Սպիտակաձյունիկը, ծնվել է Բավարիայի Լոր-ամ-Մայն քաղաքում 1725թ.-ին, մահացել է 1796թ.-ին։ Նա իրական կյանքում ևս ապրում էր հոր և խորթ մոր հետ, ով ուներ «կախարդական» հայելի, որում հաճախ էր ուսումնասիրում իրեն ու իր գեղեցկությունը։

Պատմաբաններից մեկը, ով կենտրոնացել է հենց Մարիայի կյանքի ուսումնասիրության մեջ, նշում է, որ Մարիայի քաղաքը հայտնի էր հենց նրանով, որ այստեղ մարդիկ զբաղվում էին հայելիների արտադրությամբ։ Մարիայի հայրը հայելիների մեծ գործարան է ունեցել ու կնոջն էլ հաճախ է հայելիներ նվիրել։ Սակայն կնոջ մահից հետո նա ամուսնացել է երկրորդ անգամ, ու այս անգամ նրա կինը բավակնին իշխող ու խիստ համբավ է ունեցել։ Տեղացիները նշում էին, որ նա այնքան էլ չէր սիրում Սպիտակաձյունիկին ու նրա հետ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր։
Սակայն Սպիտակաձյունիկի հեքիաթի ամենակարևոր մասնիկները՝ արքայազնը, սիրո զարմանալի պատմությունն ու 7 թզուկներն իրականում բացակայել են Մարիայի կյանքից։ Նա ապրել է ոչ այնքան երջանիկ կյանքով։ Մարիան երիտասարդ տարիներին անսպասելի կուրացել է ու ստիպված է եղել անցկացնել իր կյանքի վերջին տարիները մենաստանում՝ այդպես էլ չգտնելով իր իրական սիրուն ու չամուսնանալով որևէ մեկի հետ։
Այսպես՝ հարուստ եղբայրն ամեն բան արեց, որ քույրը թաղվի բավականին լավ պայմաններում՝ իր հիմնադրած հիվանդանոցներից մեկում։ Տարիներ անց հիվանդանոցը քանդվեց, ու Մարիայի գերեզմանն անհետ կորավ։ Միայն վերջերս գերեզմանը հայտնաբերվեց, ու պարզ դարձավ, որ հենց սա է իրական Սպիտակաձյունիկի գերեզմանը։

Ժամանակին Մարիայի մասին իր իսկ քաղաքում սկսեցին գեղեցիկ պատմություններ պատմել, որոնց հիման վրա էլ հենց 1812թ.-ին Գրիմ եղբայրները գրեցին հայտնի հեքիաթը՝ դարձնելով այն բոլոր փոքրիկների սիրելին։ Հեքիաթում Սպիտակաձյունիկը, չնայած իր տանջալից կյանքին, ապրեց երկար ու երջանիկ ու գտավ իր իրական սիրուն՝ հրաշք արքայազնին, որը արթնացրեց իրեն իր հավերժական քնից։ Եղբայրներն ուզեցին, որ գոնե հեքիաթում Մարիան ապրի այն կյանքով, որին իրոք որ արժանի էր։ Էլ ինչի՞ համար են հեքիաթները, եթե դրանք չեն կարող ամենատխուր պատմությանն անգամ տալ բարի ու հեքիաթային ավարտ։
Մարիայի գերեզմանն այժմ հանձնվել է տեղի թանգարանին, որում մինչև օրս կարելի է գտնել հայելի՝ արտադրված հենց Մարիայի հոր թանգարանում, հետևյալ գրառումով՝ «Amour propre», որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «ինքնասիրահարվածություն»։



