Armlur.am-ը գրում է.

«Ժամադադար» հաղորդաշարի թողարկումներից մեկում Հայաստանի նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավար, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կինը` Արմինե Թումանյանը, հայտարարել է, որ Իջեւան քաղաքում սրճարան չկա, ուր ծխելն արգելված է, պատկերասրահի շենքի 3-րդ հարկում հարկ է նման սրճարան գործարկել: Նաեւ ասել է, որ Իջեւանի պատկերասրահի շենքում ինտեգրացված սոցիալական ծառայությունների կենտրոն գործարկելու վերաբերյալ կազմակերպված հանրային քննարկումը գաղտնի է պահվել:

Իջեւան քաղաքի բնակիչները, սակայն, հայտնում են, որ Իջեւան քաղաքում 3 սրճարան կա, ուր արգելված է ծխելը, պատկերասրահը որպես ինտեգրացված սոցիալական ծառայությունների կենտրոն գործարկելու վերաբերյալ կազմակերպված հանրային քննարկումը գաղտնի չի եղել: Տիկին Արմինեն ասել է, որ Իջեւանի պարտկերասրահի 2-րդ հարկում կան ցուցադրության դրված արժեքավոր նկարներ` տրամադրված Հայաստանի պետական պատկերասրահի կողմից, որոնք փոշու եւ սարդոստայնի մեջ են: Ա. Թումանյանը զարմացել է` պատկերասրահի 20 աշխատողներն ինչու չեն խնամքով վերաբերվում դրանց. եթե իջեւացիները գնային եւ տեսնեին այդ նկարները, միգուցե իրենց վերաբերմունքն արվեստի հանդեպ փոխվեր: Արմինեն քննադատել է Իջեւանի նախկին եւ գործող քաղաքապետներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Նիկոլի հայրենի` Տավուշի մարզի ղեկավար նշանակված Հայկ Չոբանյանի կինը Նիկոլի հարազատ քաղաք Իջեւանի պատկերասրահի խնդրով վարչապետին դիմել է հեռուստահաղորդման միջոցով` ասելով` եթե հաղորդաշարը օգնի, եթե ձիրենց ձայնը հասնի, ապա միգուցե պատկերասրահի ճակատագիրը այսպիսով լավ եզրահանգման գա, եւ կարողանան ինչ-որ բարեգործ գտնել, ինչ-որ ծրագիր բերել, պատկերասրահը վերանորոգել:

Նա սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատար նշանակված Հայկ Ղալումյանի մասին ասել է.«Ժամանակավոր նշանակված է, ընտրությունները կլինեն մի քանի ամսվա մեջ, չգիտեմ, ամեն դեպքում, ես ավելի շատ սպասելիքներ ունեի, կարծում էի, որ մշակույթն ավելի գնահատող կլինի, բայց, փաստորեն, ոչ, բաց տեքստով խոսանք»: Նշենք, որ Հայկ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի դասընկերն է, նրա հարսանիքի քավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել