Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի ամենամեծ մոլի` «Մեգամոլ Արմենիա»-ի շնորհանդեսը։
Blognews.am-ը նույնպես ներկա գտնվեց միջոցառմանը։ Ներկա էին հայտնի հյուրեր, ովքեր սիրով ուսումնասիրում էին «Մեգամոլ Արմենիա»-ի սրահները: Հյուրերը հնարավորություն ունեցան հետևելու թվային և լուսային գեղեցիկ լուծումներով շատրվանին, որը, ի դեպ, գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում․ այն մշտապես կողջունի առևտրի կենտրոնի այցելուներին, և յուրաքանչյուրը կկարողանա շատրվանի վրա գրել իր ցանկությունը, բարեմաղթանքը կամ շնորհավորանքը: «Մեգամոլ Արմենիա»-ն ամենամեծ մոլն է Հայաստանում, որը հագեցած է տեղական և միջազգային շուրջ 100 բրենդով։ 


Այն համապատասխանում է միջազգային ստանդարտներին, քանի որ հիմքը դրվել է 0-ից և կառուցվել է որպես մոլ: Բացի խանութ-սրահներից՝ մոլում գործելու է ամենամեծ խաղահրապարակը Անդրկովկասում, կինոթատրոն, ռեստորան-սրճարաններ, ֆուդկորտ, մեգա կայանատեղի, ինչպես նաև անվճար տաքսի ծառայություն, որը հաճախորդին խանութներից կտեղափոխի մուտքի մոտ:
«Մեգամոլ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը BlogNews-ի հետ զրույցում նշեց. «Բոլոր խանութ-սրահները բացվել են ամենամեծ կոնցեպտներով, պրոյեկտի աշխատանքները տևել են շուրջ 5 տարի, և մենք ստացել ենք այն, ինչ ակնկալում էինք։ Ունենալու ենք շատ բրենդներ, որոնք առաջին անգամ են ներկայացված լինելու Հայաստանում: Նշեմ նաև, որ մոլը հագեցած է անվտանգության ամենավերջին տեխնոլոգիաներով, հակահրդեհային և ծխահեռացման սարքավորումներով, հակահրդեհային բոլոր ելքերն առկա են, կան նաև ավել մի քանի ելքեր մանկական սրահում, որպեսզի երեխաների անվտանգությունը առավելագույնս ապահովված լինի:
Քանի որ մոլի հիմքում դրված են եղել հայկական լուծումներ, մեզ մոտ տեղադրված է Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը, որը վերանորոգվել է մեր կողմից։ Մենք ցանկացել ենք մեր հաճախորդներին տրամադրել մի միջավայր, որը կլինի ոչ միայն գնումներ կատարելու համար նախատեսված առևտրի, այլ նաև մշակույթի կենտրոն: Մեր նպատակներից է նաև զարգացնել տուրիզմը, որպեսզի կարողանանք ցույց տալ, որ Հայաստանում գոյություն ունի մի մոլ, որը կարող է գրավել նաև արտասահմանցի հյուրերին»:



Նշենք նաև, որ «Մեգամոլ»-ում ամենամեծ Yerevan City սուպերմարկետների ցանցն է, որը կգործի 24 ժամ։ Սուպերմարկետում կբովվի սուրճ, կպատրաստվեն կոնֆետներ, գարեջուր, գնորդների աչքի առջև կթխվի առանց գլյուտենի հաց, կգործի թոնրատուն: Չմոռանանք նաև ավտոկայանատեղիի մասին, որը նույնպես բավականին մեծ է և նախատեսված է շուրջ 1800 մեքենայի համար: Շատ հետաքրքիր լուծում է տրվել անվանական կամուրջների տեսքով հաճախորդների հարմարավետությունն ապահովելուն: Այցելուները դրանց միջոցով կկարողանան հեշտ կողմնորոշվել մեգա տարածքում: Այստեղ վաճառվելու են նաև համերգների, օպերայի և բալետի, թատերական ներկայացումների տոմսեր:









