Armdaily.am-ը գրում է.

Ինքը համարո՞ւմ է, որ խախտում է թույլ տվել, դե թող պատասխանատվություն կրի իր արածի համար։ Եթե ինքը ընդունել է, որ որևէ հարցում խախտում է թույլ տվել, լավ կլինի, որ համապատասխան քաղաքական կամ իրավական պատասխանատվություն կրի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի այն հայտարարությանը, որ իր միակ խախտումը այն է, որ օգնել է Նիկոլ Փաշինյանին իշխանության գալ։ 

Հարցին՝ արդյոք օգնե՞լ է Բաբլոյանը Փաշինյանին՝ խոսնակը պատասխանեց. «Իրեն հարցրեք, ես չեմ ուզում մեկնաբանել 3-րդ մարդկանց հայտարարությունները»։

Անդրադառնալով հոկտեմբերի 27-ի գործին՝ Կարապետյանը նշեց. «Վստահ եմ այդ ուղղությամբ հայտարարություններ կլինեն»։ 

Հարցին՝ ուժայինների հրաժարականները շարունակվելո՞ւ են, փորձառու սպաները հրաժարականներ են տալիս՝ Կարապետյանը արձագանքեց. «Ի՞նչ խնդիր կա, ինքը որոշում է, որ պետք է լքի, մենք պետք է կանգնացնե՞նք, ասենք մի լքի՞։ Էդ փորձառու սպաները ծառայել են տարբեր նախագահների օրոք, հիմա տենց որոշում են կայացրել, շատ նորմալ է, որ թարմացում է գնում կամ եթե մարդ որոշում է կայացրել հեռանալ, ինձ թվում է ոչ միշտ է պետք հետ կանգնեցնել կամ հետ բերել»։

Խոսնակը չկարողցավ նշել, թե Հայրապետովին ով կփոխարինի. «Այս պահին չեմ կարող ասել, վստահ եմ, որ քննարկումներ արվում են, ժամանակին, օրենքով սահմանված կարգով կներկայացվի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել