Antifake.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամենասկանդալային իրադարձություններից մեկը Աննա Հակոբյանի վարսահարդարի՝ Սոֆյա Նավասարդյանի նշանակումն էր Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնում՝ 2018թ. սեպտեմբերի 6-ի որոշմամբ։ Նշանակման նպատակն այն էր, որ առավել հարմար լինի նրան տանել պաշտոնական ճամփորդությունների, որտեղ նա պետք է զբաղվեր վարչապետի տիկնոջ վարսերի խնամքով:

Այս հարցի կապակցությամբ մեկնաբանություն էր տվել այդ ժամանակ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը՝ հաստատելով, որ Սոֆյա Նավասարդյանը եղել է Աննա Հակոբյանի ոճաբանը, և նշելով, որ Նավասարդյանը զբաղվել և շարունակելու է զբաղվել նույն գործով, ինչ առաջ` այժմ արդեն լինելով վարչապետի օգնական: «Ոչինչ չի փոխվել, ուղղակի նա նույն աշխատանքն անելու է օգնականի կարգավիճակով»,- հավելել էր խոսնակը:

Բարձրացված աղմուկից կարճ ժամանակ անց Սոֆյա Նավասարդյանին վարչապետի օգնական նշանակելու մասին որոշումը հեռացվել էր կառավարության պաշտոնական կայքից, իսկ անունը՝ կայքի «Աշխատակազմ» բաժնից։ Խնդիրն այն է, որ վարչապետի օգնականի համար նախատեսված գործառույթների մեջ սահմանված չէ ոճաբանի (վարսահարդարի) գործառույթների իրականացումը, ուստի՝ Սոֆյա Նավասարդյանի նշանակումն այդպիսի գործառույթներ իրականացնելու համար օրինական չէր։

Աննա Հակոբյանի և Սոֆյա Նավասարդյանի շուրջ աղմուկը սրանով չսահմանափակվեց։ Հաջորդիվ տեղեկություններ տարածվեցին, որ Սոֆյա Նավասարդյանը Աննա Հակոբյանի հետ մեկնում է օտարերկրյա գործողումների՝ վերջինիս վարսերը հարդարելու համար, ինչի համար, բնականաբար, պետական բյուջեից ծախսվում են մեծ գումարներ։

Այս և այլ հարցերի կապակցությամբ AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին՝ տեղեկություններ հայցելով Սոֆյա Նավասարդյանի մասին։

Հարցման պատասխանը և դրան կից փաստաթղթերը բացահայտեցին մի շարք անակնկալներ, որոնք ներկայացնում ենք ստորև։

Սոֆյա Նավասարդյանի՝ վարչապետի օգնականի պաշտոնում նշանակման որոշումը հօդս է ցնդել

Ինչպես արդեն նշեցինք, Սոֆյա Նավասարդյանի մասին հանրությունը իմացավ, երբ վերջինս նշանակվեց վարչապետի օգնականի պաշտոնում։ Մինչդեռ մեզ տրամադրված հարցման պատասխանում Սոֆյա Նավասարդյանի՝ վարչապետի օգնականի պաշտոնում նշանակման մասին որևէ բան գրված չէ։

Դեռ ավելին, պարզվում է, որ Սոֆյա Նավասարդյանը վարչապետի աշխատակազմում պաշտոն է զբաղեցրել դեռևս 2018 թվականի հուլիսի 4-ից՝ ընդունվելով վարչապետի աշխատակազմում՝ որպես արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների սպասարկող։

Իսկ արդեն աղմկահարույց դեպքերից հետո՝ 2018 թ. սեպտեմբերի 20-ին, համաձայն հարցման պատասխանի` Սոֆյա Նավասարդյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի հրամանով ազատվել է նախորդ պաշտոնից և նշանակվել այլ պաշտոնի՝ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող։

Այսպիսով՝ անհասկանալի է մնում, թե ու՞ր անհետացավ  2018թ. սեպտեմբերի 6-ին Նավասարդյանին վարչապետի օգնականի պաշտոնում նշանակելու մասին որոշումը, ինչպե՞ս Նավասարդյանը, առանց վարչապետի օգնականի պաշտոնից ազատվելու, 2018 թ. սեպտեմբերի 20-ին նշանակվեց այլ պաշտոնում, և ու՞ր մնացին այս ամենի վերաբերյալ վարչապետի այն ժամանակվա մամլո խոսնակ Արման Եղոյանի պարզաբանումները։ Սա նվազագույնը խոսում է վարչապետի աշխատակազմում տեղի ունեցած ապօրինության, ավելի հստակ՝ պաշտոնեական կեղծիքի մասին, որի «հետքերը» մինչ օրս փորձում են վերացնել։

Հարցման պատասխանից տեղեկանում ենք նաև, որ Սոֆյա Նավասարդյանը 2019 թ. հուլիսի 10-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 1 տարի աշխատելով վարչապետի աշխատակազմում։

Վարսահարդարի ցոփ ու շվայտ 1 տարվա կյանքը վարչապետի աշխատակազմում

Մենք տեղեկություններ էինք հայցել Սոֆյա Նավասարդյանի աշխատավարձի, պարգևավճարների, գործուղումների ու դրանց ճանապարհածախսի, գիշերավարձի, օրապահիկի չափի մասին։

Այսպես, Սոֆյա Նավասարդյանի զբաղեցրած պաշտոնի պաշտոնային դրույքաչափը եղել է 314,165 ՀՀ դրամ, այսինքն Նավասարդյանի 1 տարվա աշխատավարձը կազմել է 3,769,980 ՀՀ դրամ։

Բացի աշխատավարձից, մինչև աշխատանքից ազատվելը Սոֆյա Նավասարդյանը ստացել է 1,285,986 ՀՀ դրամ պարգևավճար։

Պաշտոնավարման 1 տարվա ընթացքում Նավասարդյանը 13 անգամ մեկնել է գործուղման, որի համար նրան պետական բյուջեից հատկացվել է 5,499,209 ՀՀ դրամ։

Այսպիսով՝ 1 տարվա ընթացքում Աննա Հակոբյանի վարսահարդարը պետական բյուջեի վրա արժեցել է 10,555,175 ՀՀ դրամ (ավելի քան 22,000 ԱՄՆ դոլար)։

Սոֆյա Նավասարդյանը եղել է Աննա Հակոբյանի ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ վարսահարդարն անգամ օտար պետություններում, իսկ վարչապետի աշխատակազմը որոշ դեպքերում օրենքի խախտման գնով ապահովել է դա

Ինչպես արդեն նշեցինք, Սոֆյա Նավասարդյանը իր պաշտոնավարման 1 տարվա ընթացքում 13 անգամ մեկնել է արտասահմանյան գործուղման։ Դրանցից 6-ը եղել է վարչապետի որոշմամբ՝ կառավարական պատվիրակության կազմում, իսկ 7-ը Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հրամանով՝ տարբեր նպատակներով կամ առանց նպատակի սահմանման։

Սոֆյա Նավասարդյանի գործուղումների պատմության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նա արտասահմանյան գործուղումների է եղել բոլոր այն դեպքերում, երբ Աննա Հակոբյանը ևս եղել է արտասահմանում, զարմանալիորեն անգամ այն դեպքերում, երբ Աննա Հակոբյանը ոչ թե ներգրավված է եղել կառավարական պատվիրակության կազմում և ուղեկցել ՀՀ վարչապետին, այլ երբ օրինակ «Իմ քայլը» կամ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների գործունեության շրջանակներում գտնվել է արտերկրում։ Այսպես.

Սոֆյա Նավասարդյանը ՀՀ կառավարական պատվիրակության կազմում ՀՀ վարչապետի որոշումներով գործուղվել է`

Վերը նշված բոլոր դեպքերում ՀՀ կառավարական պատվիրակության հետ այդ երկրներ է մեկնել նաև Աննա Հակոբյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել