Իմքայլականները քաղաքական ախտորոշման կարիք ունեն այնպես, ինչպես հիվանդները՝ բժշկական:
Ինչպես հիվանդն իր առողջությունը պահպանելու համար լսում է բժշկի խորհուրդները, «Իմ քայլ» դաշինքի անդամներն էլ իրենց ապահովության համար անհարաժեշտություն ունեն ստանալու քաղաքագետների խորհուրդ, քանի որ Փաշինյանի անկումը նրանց էլ կարող է սպառնալ։
Խոսքն աստվածաշնչյան այն ճշմարտության մասին չէ, թե ամեն ինչ անցողիկ է, և փաշինյանական իշխանությունն էլ է անցողիկ լինելու։ Չէ, այս ճշմարտությունը կարելի էր տարածել Սովետի վրա, որ 70 տարի գոյատևեց, նույնիսկ Սերժ Սարգսյանի իշխանության վրա, որ 10 տարի տևեց, բայց ոչ Փաշինյանի իշխանության վրա, քանի որ այն այնքան կարճ է տևելու, որ հավելյալ ճշմարտություններով նրա անցողիկությունն ապացուցման կարիք չունի։
Ինչո՞ւ։
Փաշինյանը երկնում է մի մի բռնապետություն, որ արդեն մեռելածին է և, օրորոց չհասած, դատապարտված է կործանման։ Իմքայլականները կարող են արտաքին լսարանին խաբել, թե ի՞նչ բռնապետություն, մենք ժողովրդավարության բաստիոն ենք կառուցում, բայց չարժի իրենք իրենց խաբեն, քանի որ ինքնախաբեությունը այս դեպքում կարող է վնասել հենց իրենց, ինչպես հիվանդն ինքն իրեն է վնասում ինքն իրեն խաբելով, թե առողջ է և դիետայի կարիք չունի։
Ուրեմն՝ փակվեն սենյակում, կենտրոնանան, իրենց ինտելեկտուալ կարողությունները լարեն, եթե չի ստացվում, Յութուբով նայեն ՍԴ նախագահի աղջկա հարցազրույցը ԱԱԾ մուտքի մոտ, կարդան վերջին լուրերը, թե ինչ սուտ մեղադրանքով անմեղ մարդկանց զնդաններ են գցում, որ Հայաստանի լավագույն բժիշկներից մեկին մեղադրում են իշխանություն յուրացնելու մեջ, և անձայն, ներքուստ խոստովանեն՝ մենք զզվելի բռնապետություն ենք կառուցում։
Անցանք առաջ։
Ինչպես մեքենան բենզինի կարիք ունի շարժվելու համար, այնպես էլ բռնապետությունը վառելիքի կարիք ունի ռեպրեսիաները շարունակելու համար։ Այս տարծաշրջանում բռնապետության համար առնվազն անհրաժեշտ է երկու վառելիք՝ ֆինանսական միջոցներ և արտաքին աջակցություն, որն իր հետ կարող է բերել նաև ֆինանսական միջոցներ։
Կա ևս մի վառելիք՝ գաղափարախոսություն, ինչպես Հյուսիսային Կորեայում է, բայց պարզ է, չէ՞, որ «Իմ քայլը» չունի մի այնպիսի գաղափարախոսություն, որ իշխանություն պահելու վառելիք լինի։ Գաղափարախոսությունը հանեցինք, իսկ մնացա՞ծը։ Մնացածն էլ չկա։
Հարևան մի երկրում՝ Ադրբեջանում, Ալիևի բռնապետությունը հիմնված է նավթի և գազի դոլարների վրա, իսկ հարևան մյուս երկրում՝ Վրաստանում, Սաակաշվիլիի բռնապետությունը հիմնված էր Արևմուտքի ու ԱՄՆ֊ի աջակցության և նրանց կողմից տրված ֆինասական միջոցների վրա։ Ալիևը դեռևս ունի ֆինանսական միջոցներ, հետևաբար, գոյատևում է նրա բռնապետությունը, իսկ Սաակաշվիլին չուներ, արևմտյան միլիարդները չհերիքեցին երկրում տնտեսական պայմաններն այնպես բարելավելու համար, որ խոշոր դժգոհութուններ չառաջանան, և հետևաբար, փլվեց այն։
Փաշինյանը ո՛չ բնական ռեսուրսներ ունի (մի Ամուլսար է, էն էլ չի կարողանում բացել: Ի դեպ, նրանք, ովքեր շահագրգռված են, որ մի քիչ ձգվի Փաշինյանի իշխանությունը, պետք է կողմ լինեն Ամուլսարի շահագործմանը), ո՛չ արտաքին աջակցություն. Ռուսաստանի հետ գնալով հարաբերությունները սրվում են, իսկ Արևմուտքի հետ էլ գնալով չեն լավանում։ Արևմուտքին և մանավանդ ԱՄՆ֊ին մի բան է հետաքրքրում, որ Հայաստանը կտրեն Ռուսաստանից․ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գա, և հանվեն ռուսական բազաները, բայց Փաշինյանը, ինչքան էլ պացիֆիստ լինի, մի բան հասկանում է, որ այդպիսի քայլերի արդյունքում կարող է իր հայրական տանը Իջևանում վերաբնակվեն ադրբեջանցիները։
Իշխանության մյուս հույսը կարող էին լինել արտաքին խոշոր ներդրումները, սակայն արդեն պարզ է, որ դրանք բացառված են՝ ոչ միայն արտաքին ձախողված քաղաքականության պատճառով, այլև Ռուսաստանի հայկական համայնքի հետ այնպես է սրել հարաբերությունները, որ լուրջ ներդրումներ չեն լինի, մյուս երկրներն էլ ոչ մի շահագրգռվածություն չունեն անհայտ մի երկրում ներդրում անելու, մանավանդ այնտեղ, ուր վարչապետն էնքան ջրիկ է, որ, փողոց ընկած, դատարանի դուռ է փակում։
Փաշինյանի իշխանությունը պահպանվում է հեղափոխությունից մնացած վարկանիշի իներցիայով, սակայն վարկանիշը եկեղեցու կողմից տրված սրբացում չէ, որ հավերժ պահպանվի, 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում վարկանիշը սկզբում քայքայվում է դանդաղ, հետո մեկ էլ մի օր այնպես է փլվելու, ինչպես կանգուն շենքն են փլեցնում, ու տեղը դատարկություն է բացվում։
Բնականաբար, այդ վարկանիշի անկումից հետո Փաշինյանի ինքնապահպանման բնազդն արթնանալու է, և հասկանալու է, որ հենց իշխանությունը թողեց, դատվելու է մի քանի մեղադրանքներով, որոնցից ակնհայտը դատական իշխանությունը ճնշելու, ապա յուրացնելու մեղադրանքները կլինեն։ Սրանք՝ միայն այս պահի դրությամբ, դեռ ժամանակ կա նոր մեղադրանքներ հավաքելու համար։ Դատից խուսափելու նրա միակ ձևը լինելու է իշխանությունը պահելը, բայց այնպիսի հուժկու ալիք է բարձրանալու, որ անհնար կլինի։
Հայաստանում իշխանափոխության ճոճանակը ճոճվում է ոչ թե աջից ձախ, աջերին փոխարինում են ձախերը, այլ ուրիշ վեկտորով, ի՞նչ անուն տալ կողմերին, պայմանական ասած՝ «միլիտարիստներ» (նաև անվանում են «բազեներ», ովքեր համոզված են, որ Հայաստանը մի տարածաշրջանում է, ուր մոտ ապագայում տևական խաղաղությունն անհնար է և երկրի անվտանգության համար մշտապես պետք է մեծացնել ռազմական պաշտպանությունը, հետևաբար, Հայաստանի ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները անհրաժեշտ է ամրացնել) ու պացիֆիստներ (նաև անվանում են «աղավնիներ», ովքեր համոզված են, որ բոլոր երկրներն էլ միատեսակ են՝ լինի Թուրքիա, Ադրբեջան թե Հոլանդիա, Բելգիա, և կարող ես հարևանների հետ լեզու գտնելով հասնել այնպիսի խաղաղության, ինչպիսին Եվրոպայում է, իսկ Եվրոպայի ու ամերիկյան ժողովրդավարական աջակցությունն էլ ավելի կամրապնդի խաղաղությունը, հետևաբար, կարիք չկա Ռուսաստանի հետ դաշնակցային կապերը պահպանելու)։
Ճոճանակը ճոճվելով այս իշխանությանը կփոխարինեն այն միլիտարիստական շրջանակները, որոնք 1998-ին մի անգամ եկել էին իշխանության, իսկ հիմա ամբաստանյալի աթոռին են։ Բայց այս նոր սերնդի միլիտարիստներն այն 1998-ին եկածների պես հանդուրժող չեն լինելու, նրանք տեսել են, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանն իր հանդուրժողականության պատճառով քաշվեց, կոպիտ ասած՝ նրանց, ումից վերցրել էր իշխանությունը, չպատժեց՝ Տեր-Պետրոսյանին ու նրա շրջապատին չկալանավորելով, թույլ տալով, որ նրանք հանգիստ հզորանալով իր դեմ այնքան գործեն, որ հասնեն իրենց նպատակին՝ ինքը հայտնվի բանտում։
Այդ սխալը նրանք երկրորդ անգամ թույլ չեն տալու, ու ինչքան էլ իրավապաշտպանները աղմկեն, միևնույն է, հաջորդ իշխանությունը բանտերը կլցնի իմքայլականներով, ի դեպ, ոչ այնպիսի շինծու մեղադրանքներով, որոնցով այսօր մարդկանց բռնում են, այլ կոնկրետ ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու որոշումը հանգիստ կորակեն որպես դատարանի վրա ճնշում, էլ չասած՝ դատարանի դռներ փակելը։ Իսկ եթե շարունակեն աջակցել Փաշինյանին, մեղսակիցը կդառնան նրա սպասվելիք հանցանքներին։
Պետք է Աստված կանչել, որ նրանք գոնե օրինապահության սահմաններից շատ դուրս չգան, չտարվեն այնպիսի ցածր զգացումներով, ինչպես՝ բա նրանք ո՞նց էին ընտանիքի անդամներին ճնշում, որ գոնե իմքայլականների ընտանիքի անդամներին չդիպչեն։
Խորհուրդն այն է, որ ինչքան շուտ տարանջատվեն Փաշինյանից, այնքան իրենց ապագան ավելի ապահով կլինի։
Իհարկե, տողերիս հեղինակը քաղաքագետ չէ, ուղղակի այս սիրողական դատողությունները նպատակ ունեն բարեկամաբար զգուշացնելու քաղաքագիտական օգնության անհրաժեշտության մասին, որ իմքայլականները փնտրեն-գտնեն բանիմաց քաղաքագետների և նրանց մոտ անհատական սեանսների ժամադրություն վերցնեն։