Սա, կարծեք, հայահոծ Լիբանանի գրեթե մաքուր հայաբնակ Այնճար գյուղն է: Շատերս ենք եղել Այնճարում, հպարտացել նրանով՝ իբրև ազգային-համայնքային կյանքի կազմակերպման բացառիկ ու օրինակելի նմուշով:
Լիբանանի քաղաքացի հայերը ևս այս օրերին, կարծեք, երգ ու պարով իրենց աջակցությունն են հայտնում Ցեղասպանությունից հետո իրենց նախնիներին հյուրընկալած երկրում տարածվող բողոքի գործողություններին: Հիմա Լիբանանը, կարծեք, էլի եռում է: Ոմանք ասում են, որ երկիրն անխուսափելի մեծ փոփությունների շեմին է:
Մասնագետները շատ ավելի լավ գիտեն, թե ինչպիսի բարդ ու նուրբ սահմանադրական ու ավանդույթային հավասարակշռությունների վրա է կառուցված այդ երկիրը: Հայերը ևս համայնքային ուժով այդ երկրի կառավարման համակարգի մի մասն են․ ունեն իրենց ներկայացուցիչները խորհրդարանում ու կառավարությունում, իսկ մեր ավանդական քաղաքական կուսակցությունները` ՀՅԴ-ն, Հնչակյաններն ու Ռամկավարները, տասնամյակներ ի վեր մեր համայնքային կյանքի արդյունավետ կազմակերպիչներն ու պատասխանատուներն են:
Հիմա, երբ Լիբանանը կրկին եռում է, իսկ մեր հայրենակիցներն իրենց բաժին երգն ու պարն են հնչեցնում հանուն Լիբանանում արմատական փոփոխությունների, յուրաքանչյուր հայի հույսն այն է, որ հնարավոր փոփոխություններից հետո, եթե դրանք տեղի ունենան, հայկական համայնքը Լիբանանում դառնա ավելի զորեղ, պետական կառավարման համակագում ավելի ներկայացված, ավելի հարուստ ու ավելի պաշտպանված:
Քիչ չեն եղել դեպքերը, երբ ուրախացել ենք «հեղափոխությամբ», անգամ մասնակցել դրա իրականացմանն ու հույսեր կառուցել, բայց արդյունքը, ցավոք, լրիվ այլ է եղել: Ամենահիշարժան օրինակը` երիտթուրքերի հեղաշրջումը Օսմանյան Թուրքիայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել