A1plus.am-ը գրում է.

Էկոնոմիկայի նախարարն այսօր մարտական էր տրամադրված Իշխան Զաքարյանի բացահայտումների հետ չհամաձայնվելու համար:

«Վերահսկիչ Պալատի կողմից արձանագրված է, որ գնված հանրային զուգարանները տեղադրված չեն եւ չեն աշխատում։ Ես պետք է ասեմ, որ նրանք տեղադրված են եւ նրանք աշխատում են»,-ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյան։

Վերահսկիչ պալատի հաշվետվությանը ծանոթանալիս Վահրամ Ավանեսյանը չի առարկել, որ զուգարաններից առնվազն մեկը չի աշխատում։ Այդ մասին հաստատող փաստաթուղթը Վերահսկիչ Պալատի մամուլի քարտուղարը բերել էր կառավարություն

Վահրամ Ավանեսյանը շատ չի մտահոգվում, որ բիոզուգարաններն, ի վերջո իրենց նպատակին չծառայեցին, չդարձան բիզնեսի աղբյուր, ճիշտն ասած, չէր էլ նախատեսվում, որ դրանք շահույթ կբերեն:

«Օգուտ ստանալու տեսանկյունից ես էդ կարծիքին չեմ, որ Հայաստանի Հանրապետությունը զուգարաններից պետք է եկամուտ ստանա»։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քիչ այլ կարծիքի էր։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա պնդում է, որ բիոզուգարանները բերվեցին, որպեսզի պետությունը դրանցից շահույթ ստանա:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան.«Որպեսզի լինեն ինքնածախսածածկվող զուգարաններ, որպեսզի վրեն ռեկլամներ լինեն, բանկոմատներ մեջը տեղադրվեն, վճարովի լինի եւ էդ զուգարանները դառնան բիզնես»։

Այսօր Վահրամ Ավանեսյանը խոստովանում է միայն, որ բիոզուգարանների աշխատանքն արդյունավետ չէ, դրանք տուրիզմ զարգացնող չեն, ափսոս էր 100 միլիոն դրամը:

Եթե ես լինեմ, 100 միլիոն դրամով ասենք թե ամեն դեպքում զուգարան չէի գնի,- ասաց Վահրամ Ավանեսյան։

Ի դեպ, էկոնոմիկայի նախարարը չհամաձայնվեց նաեւ Վերահսկիչ պալատի նախագահի այն դիտարկմանը, թե Գյումրիում տեխնոպարկ ստեղծելու ծրագիրը մատնվել է անորոշության։ Մինչդեռ նախարարությունը Պալատի այդ դիտարկմանը նույնպես չէր առարկել հաշվետվությանը ծանոթանալուց հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել