Pastinfo.am-ը գրում է.

08․14․2019 թ․ մեր առաջին հրապարակման մեջ (1) անդրադարձել էինք արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված նախագծով առաջարկվող Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի սխեմային և հենց նախարարության կողմից բերված այլ երկրների օրինակների միջոցով ցույց էինք տվել նման սխեմայի խնդրահարույց լինելը դատական իշխանության անկախության տեսանկյունից:

Այս սխեման ներմուծող «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը նախարարության կողմից փորձաքննության համար ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով, որի վերաբերյալ կարծիքը Հանձնաժողովը հրապարակել ս․թ․ հոկտեմբերի 14-ին (CDL-AD(2019)024)։
Ս․թ․ հոկտեմբերի 15-ին արդարադատության նախարարությունը իր պաշտոնական կայքում հրապարակել է «Դատական օրենսգրքի փաթեթը մշակելիս Կառավարությունը գործել է պատասխանատու և համակողմանի. Վենետիկի հանձնաժողով» վերտառությամբ նյութը (http://moj.am/article/2537)։

Կառավարության պրոֆեսիոնալիզմը դրվատող վերնագրի տակ, իրականում, թաքնված է քաղաքական օրակարգի թիվ մեկ հարց դարձած՝ Սահմանադրական դատարանի դատավորների հրաժարականի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի (հայերեն լեզվով հասանելի է նախարարության հրապարակման մեջ) իրական բովանդակության ոչ լիարժեք և երբեմն նաև՝ աղավաղված ներկայացումը։

Միջազգային փորձի և փաստաթղթերի բովանդակության համապատասխանեցումը նախարարության ցանկալի նպատակներին, կարծես թե, դարձել է նախարարության գործելաոճ։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի 57-60-րդ կետերում ներկայացված դիտարկումներից նախարարությունը կատարել է ծաղկաքաղ՝ երեք կետով փորձելով դրական լույսի ներքո ներկայացնել վաղ կենսաթոշակային սխեմայի վերաբերյալ իր առաջարկը։

Եվ այսպես, ի՞նչ է իրականում ասում Վենետիկի հանձնաժողովը և ինչպե՞ս է դա ներկայացնում նախարարությունը․

1. Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Նախարարության ընկալումը
 

59-րդ կետ (2)

«Հայաստանի իշխանությունները ծրագրում են վաղ թոշակի անցնելու բացառիկ սխեմայի ներդրում։ Նրանք վկայակոչում են 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության իմպլեմենտացումը հետհեղափոխական համատեքստում և գտնում են, որ Սահմանադրական դատարանի դատավորների ցմահ պաշտոնավարումը (նախատեսված մինչև 2015 թ․ փոփոխություններով (3) Սահմանադրությամբ) ֆիքսված ժամկետով մանդատով փոխարինելը (նախատեսված 2015 թ․ փոփոխություններով Սահմանադրությամբ) պետք է կիրառվի անհապաղ (ընդգծումները հեղինակինն են)։

Հայաստանը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցման հարցում ներդնում է բացառիկ մոտեցում՝ հղում կատարելով հետհեղափոխական համատեքստում 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության կիրառման անհրաժեշտությանը, մասնավորապես՝ այս հարցը դիտարկվում է այն հաշվով, որ մինչ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ ՍԴ դատավորի համար նախատեսված ցմահ պաշտոնավարման ժամկետից փոփոխված Սահմանադրությամբ նախատեսված կոնկրետ ժամկետով պաշտոնավարման անցումը պետք է կիրառվի անմիջապես (ընդգծումները հեղինակինն են)։


Ակնհայտ է, որ հետհեղափոխական համատեքստի վկայակոչումը և դրանով 2015 թ․ փոփոխություններով Սահմանադրության դրույթների անհապաղ կյանքի կոչման պայմանավորումը ոչ թե Վենետիկի հանձնաժողովի կարծիքն է, այլ բացառապես իշխանությունների դիրքորոշման արտացոլումը Հանձնաժողովի կարծիքում։

Առավել պարզ լինելու համար կարծիքի 59-րդ կետը դիտարկենք նաև դրան նախորդող և հաջորդով կետերի համատեքստում։ Այսպես, Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքի 57-րդ կետում արձանագրում է Հայաստանի իշխանությունների քաղաքական մտադրությունը, այն է՝ փոխարինել նախկինում նշանակված և «հին ռեժիմի» հետ ասոցացվող կոնկրետ դատավորներին։ Ապա, նման քաղաքական մտադրությանը Վենետիկի հանձնաժողովը հակադարձում է իր կարծիքի 58-րդ կետում՝ ընդգծելով, որ «անփոփոխելիությունը նախատեսված է Սահմանադրական դատարանի դատավորներին տվյալ ժամանակվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից պաշտպանելու համար։ Անընդունելի կլիներ, եթե յուրաքանչյուր նոր կառավարություն կարողանար իր ընտրությամբ գործող դատավորներին փոխարինել նոր դատավորներով»:

Իսկ իր կարծիքի 59-րդ կետում արդեն, Վենետիկի հանձնաժողովն արձանագրում է վաղ կենսաթշակային սխեման ներդնելու համար կառավարության «իրավական» հիմնավորումը, այն է՝ «հետհեղափոխական համատեքստում» անհապաղ կյանքի կոչել Սահմանադրության 2015 թ. փոփոխությունները՝ անցումը դատավորների ցմահ պաշտոնավարումից դեպի սահմանված ժամկետով պաշտոնավարում։

Կառավարության առաջարկած սխեմայի ներդրման իրավական հիմքերին Վենետիկի հանձնաժողովն անդրադառնում է Կարծիքի 60-րդ կետում (տե՛ս ստորև) և մատնանշում մի շարք պայմաններ, որոնց առկայության պարագայում է միայն հնարավոր դատավորների անցումը վաղաժամ թոշակի։

2. Վենետիկի հանձնաժողովի կարծիքը

Նախարարության ընկալումը

  60-րդ կետի 1-4-րդ նախադասություններ.
Նախևառաջ, Վենետիկի հանձնաժողովը ընդգծում է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից, թե արդյոք նրանք նշանակվել են Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օգտվեն միևնույն կարգավիճակից։
Ինչ վերաբերում է, մինչև 2015 թվականի փոփոխությունները ընտրված դատավորների վաղ կենսաթոշակի անցման սխեմային, Վենետիկի հանձնաժողովը նախկինում քննադատել էր վաղ թոշակի անցնելու այդպիսի սխեմաներ, եթե դրանք կրել են պարտադիր բնույթ կամ վերաբերում էին մեծ թվով դատավորների։
Սակայն այս քննադատություն չի կարող բարձրաձայնվել այն դեպքերում, երբ պաշտոնից հրաժարումը հիմնված է ՍԴ դատավորների կամավոր որոշման վրա։
Որպես սկզբունք, եթե վաղ կենսաթոշակի անցնելը մնում է իրապես կամավորությամբ, այսինքն՝ բացառում է որևէ անհիմն (քաղաքական և անձնական) ճնշում դատավորների նկատմամբ, կամ, երբ այն նախագծված չէ այնպես, որ ազդեցություն ունենա քննվող գործերի ելքի վրա, ապա չկան չափանիշներ, որոնք Վենետիկի հանձնաժողովին կուղղորդեն (4) ընդդիմանալ նման սխեմային։ Այնուամենայնիվ, մի քանի դատավորների և նույնիսկ ինը դատավորներից յոթի հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը (ընդգծումները հեղինակինն են)։ 

Վենետիկի Հանձնաժողովը նախկին կարծիքներում քննադատել է վաղ կենսաթոշակի պարտադիր սկզբունքով ներդրման մոտեցումը, այսինքն այն դեպքերում, երբ դա չի նախատեսվել դատավորների կամավորության սկզբունքով և երբ վերաբերել է մեծ թվով դատավորների։ Այնուհետ, Հանձնաժողովը մանրամասնում է վաղ կենսաթոշակի հարցում իր մոտեցումները։

Ուշագրավ է, որ Հայաստանին տրվող առաջարկություններում Հանձնաժողովը նշել է, որ եթե դա նախատեսվում է բացառապես կամավորության սկզբունքի և դատարանի արդյունավետ գործունեության հաշվառմամբ, Հանձնաժողովը չի կարող հղում կատարել որևէ ստանդարտի առաջարկվող մոտեցումը քննադատելու համար (ընդգծումները հեղինակինն են)։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հանձնաժողովի կարծիքի 60-րդ կետի առանցքը հենց 1-ին նախադասությունն է, որտեղ Վենետիկի հանձնաժողովը, նախևառաջ, ընդգծում է, որ «ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից, թե արդյոք նրանք նշանակվել են Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օգտվեն միևնույն կարգավիճակից» (ընդգծումները հեղինակինն են)։

Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ վաղ կենսաթոշակի անցումը պետք է տարածվի ոչ միայն մինչև 2015 թ․ սահմանադրական փոփոխությունները նշանակված դատավորների վրա, ինչպես, որ դա նախատեսված է Նախագծում, այլ՝ ՍԴ բոլոր դատավորների վրա։ Սակայն, այս պարագայում էլ, ստացվում է, որ ՍԴ դատավորի պաշտոնում դեռևս մեկ տարի չպաշտոնավարած 45-ամյա Արման Դիլանյանին (ընտրվել է 2018 թ․), 44-ամյա Վահե Գրիգորյանին (ընտրվել է 2019 թ․) պետք է «շնորհվի» պետական բյուջեի հաշվին ժամանակից շուտ կենսաթոշակի գնալու և հանգիստը վայելելու իրավունք։ Հարց է նաև, թե որքանո՞վ է նախատեսվող կարգավորումը իմաստալից, օրինակ, ՍԴ դատավորի պաշտոնում ընդամենը 1 տարի աշխատած 49-ամյա Հրայր Թովմասյանի, 5 տարի աշխատած 53-ամյա Արայիկ Թունյանի, 9 տարի աշխատած՝ 47-ամյա Արևիկ Պետրոսյանի պարագայում։ Դատավորների կարգավիճակի միասնականացման առումով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասը արդեն իսկ նախատեսել է վաղ կենսաթոշակի գնալու իրավունք այն դատավորների համար, ովքեր 2015 թ․ սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելու պահի դրությամբ 12 տարի պաշտոնավարել են ՍԴ դատավորի պաշտոնում (այս պահին նրանք երկուսն են՝ Հրանտ Նազարյան և Ֆելիքս Թոխյան)։ Նման կարգավորումը իսկապես տրամաբանական է և արդարացված։ Սակայն, ուշագրավ է մեկ այլ հանգամանք։ Եթե գործող օրենքը վաղ կենսաթոշակի անցնելու պարագայում նախատեսում է միայն «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով կենսաթոշակ (որն ավելի ցածր է, քան դատավորի պաշտոնում նրա աշխատավարձն ու հավելավճարները), ապա Նախագիծը վաղ հրաժարական ներկայացնող դատավորներին տրամադրում է «պարգև»՝ կենսաթոշակ, որը հավասար է հրաժարականի պահին դատավորի ստացած պաշտոնային դրույքաչափին և հավելավճարներին։

Անդրադառնալով կառավարության առաջարկած սխեմայի ներդրման իրավական հիմքերին, նախ, պետք է նորից հիշատակել, որ պաշտոնավարման անվտանգությունը Կարծիքում (կետ 58) հստակ շեշտադրվում է որպես դատավորի անկախության էական երաշխիք։ Այստեղից բխում է, որ վաղ կենսաթոշակային սխեման չի կարող դիտվել որպես ստանդարտ պրակտիկա։ Սակայն, եթե դատավորը իր կամքով ցանկանում է գնալ թոշակի մինչև իր պաշտոնավարման ժամկետը լրանալը և պետությունը պատրաստ է այդ պարագայում դատավորին ապահովել թոշակի անցնելու արտոնյալ պայմաններով, ապա Հանձնաժողովը դրան առարկելու համար որևէ չափանիշ չունի։

Միևնույն ժամանակ, ներդրվելու պարագայում, Վենետիկի հանձնաժողովը մատնանշում է մի շարք չափանիշներ։ Նախարարության կողմից վկայակոչվող կամավորության սկզբունքի համատեքստում Վենետիկի հանձնաժողովը, ակնհայտորեն ոչ պատահաբար (մինչդեռ այս մասին նախարարության հրապարակումը ընդհանրապես լռում է), ընդգծում է երկու այլ կարևորագույն չափանիշներ․ դատավորների նկատմամբ անհիմն (քաղաքական և անձնական) ճնշումների և քննվող գործերի ելքի վրա ազդեցության բացառումը։

Այս տեսանկյունից ուշագրավ է, որ Նախագծով վաղ կենսաթոշակի իրավունքը նախատեսվում է ոչ թե որպես հնարավորություն բոլոր ժամանակների համար, այլ՝ այս «հնարավորությունից» ՍԴ դատավորները կարող են օգտվել միայն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում։ Այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչու միայն երկամսյա ժամկետում և որքանո՞վ են նման կարգավորումները համադրելի Վենետիկի հանձնաժողովի կողմից վերը մատնանշված մի շարք ազդեցությունները բացառելու չափանիշների հետ (թերևս տեղին է հիշատակել ՍԴ վարույթում գտնվող Ռ․ Քոչարյանի մասնակցությամբ գործերը, ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ՍԴ դիմումներից հետո քաղաքական մեծամասնության պատգամավորների հայտարարությունները, ինչպես նաև ՍԴ սեպտեմբերի 4-ի որոշումից հետո բարձրացած մեծ աղմուկը և որոշմանը տրված որակումները՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց մակարդակով)։

Վերջապես, Հանձնաժողովի կարծիքի 60-րդ կետի 2-րդ նախադասությունը ընդգծում է, որ վաղ կենսաթոշակի սխեման չպետք է անդրադառնա մեծ թվով դատավորների վրա։ Բացի նրանից, որ դա բացասաբար կանդրադառնա Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեության վրա, կարող է առաջանալ մեկ այլ վտանգավոր իրավիճակ։ Տեսականորեն, ՍԴ ամբողջ կազմի միաժամանակյա հրաժարականի դեպքում, կա ռեալ ռիսկ, որ Սահմանադրական դատարանը ձևավորվելու է պահի քաղաքական իշխանության քիմքին և պահանջներին համապատասխան։ Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքի 58-րդ կետում (նաև կետ 63) ընդգծել է, որ Սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիությունը «նախատեսված է Սահմանադրական դատարանի դատավորներին օրվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից պաշտպանելու համար։ Անընդունելի կլիներ, եթե յուրաքանչյուր նոր կառավարություն կարողանար իր ընտրությամբ գործող դատավորներին փոխարինել նոր դատավորներով»։ Հանձնաժողովը հղում է կատարում նաև իր ավելի վաղ կարծիքների, որտեղ ընդգծվում է, որ իշխող քաղաքական ուժը չպետք է կարողանա ՍԴ բոլոր դատավորներին փոխարինել իրեն հաճո դատավորներով (CDL-STD(1997)020, կետ 21)։

3. Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Նախարարության ընկալումը
  60-րդ կետի 5-րդ և 6-րդ նախադասություններ․
«Այնուամենայնիվ, մի քանի դատավորների և նույնիսկ ինը դատավորներից յոթ դատավորների հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։
Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս հայկական իշխանություններին վերանայել առաջարկվող սխեման, այնպես, որ այս մտահոգությունը մեղմացվի (ընդգծումները հեղինակինն են)»։


Ամեն դեպքում, դատարանի արդյունավետ գործունեությունը չվտանգելու նպատակով Հանձնաժողովն առաջարկել է նախագծով մեղմել անգամ այն հնարավոր դեպքերը, եթե ՍԴ ինը դատավորից յոթը միաժամանակ որոշեն անցնել վաղ կենսաթոշակի (ընդգծումները հեղինակինն են)։

 

 

 

 

 

 

Ակնհայտ է, որ Հանձնաժողովը առաջարկել է ընդհանրապես վերանայել Նախագծով նախատեսված սխեման։ Մինչդեռ, նախարարությունը, բաց է թողնում Կարծիքի 60-րդ կետում տեղ գտած մի շարք առանցքային դատողություններ, որոնց անդրադարձանք վերը, և փորձում է տպավորություն ստեղծել, թե խոսքը միայն «ՍԴ ինը դատավորից յոթի» միաժամանակյա հրաժարականի հետևանքները մեղմելու մասին է։

Այսպիսով, ամփոփելով Վենետիկի հանձնաժողովի կարծիքում վաղ կենսաթոշակային սխեմայի վերաբերյալ դիտարկումները, կարելի է եզրահանգել․

• Վաղ կենսաթոշակային սխեման ոչ թե ողջունելի է, այլ՝ սկզբունքորեն թույլատրելի (արգելող չափանիշների բացակայության պատճառով), սակայն օրենսդիրը պետք է գտնի այնպիսի լուծումներ, որոնք կփարատեն Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած մտահոգությունները․

• Վենետիկի հանձնաժողովի եզրակացության ելակետն այն է, որ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները ունեն միևնույն կարգավիճակը՝ անկախ այն բանից, թե երբ և ինչ ժամկետով են նրանք նշանակվել (60-րդ կետի 1-ին նախադասություն): Ցանկացած լուծում պետք է ելնի նրանից, որ ՍԴ բոլոր դատավորները ունեն միևնույն կարգավիճակը, և հետևաբար՝ վաղ կենսաթոշակի առումով նույնպես, պետք է օգտվեն հասար հնարավորություններից․

• Ներդրվելու պարագայում՝ վաղ կենսաթոշակի սխեման պետք է լինի իրապես կամավոր, այսինքն․
- առանց որևէ անհիմն (քաղաքական և անձնական) ճնշման,
- այն չպետք է նպատակ ունենա ազդել քննվող գործերի ելքի վրա։

• Այս սխեման չպետք է խոչընդոտի Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեությունը․

• Վաղ կենսաթոշակային սխեման չպետք է օրվա քաղաքական մեծամասնությանը հնարավորություն տա ձևավորելու իրենց հաճո Սահմանադրական դատարան․

• Վաղ կենսաթոշակային սխեման ներդնելու պարագայում, Նախագիծը պետք է վերանայվի, այնպես, որպեսզի համապատասխանի վերոնշյալ բոլոր պահանջներին։

 

Իրավունքի բարեկամներ (Amici Juris)

----

1. Արդարադատության նախարարությունը նենգափոխում է միջազգային լավագույն փորձը դատական իշխանությանը հնազանդեցնելու նպատակով (https://www.pastinfo.am/hy/news/2019/08/14/%D4%B1%D6%80%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%B6%D5%A5%D5%B6%D5%A3%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%A8-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B0%D5%B6%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D6%81%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B6%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%B8%D5%BE/872729)

2.Նախարարության կողմից հրապարակված հայերեն թարգմանության մեջ մեր կողմից կատարվել են որոշակի խմբագրական շտկումներ։ Բովանդակային շտկումների պարագայում հատուկ նշում է արվում։  

3.Նախարարության կողմից հրապարակված հայերեն թարգմանության մեջ առկա է սխալ, նշված է «նոր Սահմանադրություն», ինչը սխալ է։ 

4.Նախարարության կողմից հրապարակված հայերեն թարգմանության մեջ նշվում է «որոնց հիմքով Վենետիկի Հանձնաժողովը կարող է առարկել», որը կարծում ենք ճշգրիտ չէ։ Անգլերեն պաշտոնական տեքստը հնչում է հետևյալ կերպ "there are no standards that would lead the Venice Commission to oppose such a scheme."

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել