Emedia.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կլոնների կուսակցություն չէ, այն անհատների ու անհատականությունների կուսակցություն է: Հետևաբար` կուսակցության անդամները պետք է տարբերվեն միմյանցից, յուրաքանչյուրն ունենա իր դիրքորոշումը, որը երբեմն կարող է տարբերվել իր կուսակից ընկերների դիրքորոշումից: Դրա շնորհիվ է, որ ՀՀԿ-ն Հայաստանի ամենակայուն և կանխատեսելի ճակատագրով քաղաքական ուժերից մեկն է: eMedia.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ նման կարծիք հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով ՀՀԿ ներսում հնարավոր հակասությունների մասին լրագրողի հարցին: «Թուլացած ընդդիմության պարագայում իշխանությունը պետք է իր ներսում ստեղծի բազմակարծություն` առաջ գնալու, լճացումից խուսափելու համար: Իշխանությունն իր մեջ գտնում և ստեղծում է ալյակարծություն: Բազմակարծությունը կուսակցության ներսում ընդունելի է մինչև որոշումների ընդունումը: Երբ որոշումն ընդունվում է, այն պարտադիր է բոլորի համար: Խոսքը չի գնում իշխանության ներսում ընդդիմության ձևավորման մասին, խոսքը փոխընդդիմախոսության առկայության մասին է»,- ասաց Աշոտյանը: Լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանել ԱԺ նախագահի արտահայտությունը պետական բյուջեի թալանելու մասին նախարարը պատասխանեց. «Ես քաղաքական մեկնաբան չեմ, այլ քաղաքական գործիչ եմ: Պետական բյուջեն թալանված չէ: Թալան, կողոպուտ, լափել բառերը չեք գտնի Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ: Դա իմ անձնական քաղաքական կարծիքն է՝ որպես քաղաքական գործչի»:



