Tert.am-ը գրում է.
«Տարածաշրջանային զարգացումների ֆոնին ավելի վաղ նշել էինք, որ կարիք կա օր առաջ ունենալու ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ կապված անվտանգային խնդիրների տրանսֆորմացիայի հետ: Ուրախությամբ պիտի նշենք, որ այսօր տեղի ունեցավ նիստը, մի փոքր տխրությամբ, որ դա պատկերացնելու, հասկանալու և իրականացնելու համար անհրաժեշտ եղավ մեկ շաբաթ»,- «Տողերի արանքում» հաղորդաշարի ընթացքում այս մասին նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
Անդրադառնալով ներքին կոնսոլիդացիայի խնդրին՝ վերլուծաբանը շեշտել է փոփոխվող անվտանգային միջավայրի խնդիրը: «Վերջին օրերին, սակայն, ականատես եղանք, որ գործողություններ անելու փոխարեն իշխանություններն ու անձամբ վարչապետը գնում են այլ ճանապարհով: Հատվում են նոր կարմիր գծեր: Հարցը հասել է նրան, որ ՍԴ նախագահի նկատմամբ քաղաքական ճնշումները լրիվ նոր՝ աննախադեպ երանգ են ստանում. ԱԱԾ են հրավիրվում ՍԴ նախագահի հայրն ու դուստրերը: Ո՞ւր ենք գնում»,- նշել է Կ. Բեքարյանը:
ԱՆդրադանալով Արցախի բարեկամների համաժողովին՝ վերլուծաբանը նշեց, որ երախտիքի խոսքեր պետք է ասել միջոցառման կազմակերպիչներին, քանի որ այն ինքնին հաջողված էր և մյուս կողմից բավական մեծ նշանակություն ունի Արցախի սուբյեկտայնության բարձրացման հարցում: «Համաժողովն ավարտվեց հռչակագրի ընդունմամբ, որում, ի թիվս շատ հարցերի, եղավ «Պրո Արցախ» անվանումով միջազգային ցանցի ստեղծում, ինչը բավական կարևոր ձեռքբերում է, որի պտուղները քաղելու ենք դրական իմաստով»,- նշեց Կ. Բեքարյանը:
«ԱՊՀ անդամ երկրների գագաթաժողովի մասնակիցների մոտ ֆիքսվեց երկու էական էլէմենտ: Առաջինը՝ Ալիևի հռետորաբանությունն էր, որը Նժդեհի արձանին անդրադարձով փորձեց Հայաստանում առկա ֆաշիզմի մասին նյութ սարքել»,- խոսելով ԱՊՀ անդամ երկրների գագաթաժողովի մասին՝ նշեց Կ. Բեքարյանը: Վերլուծաբանի պնդմամբ Ալիևի հռետորաբանությունը բազմաքայլ կոմբինացիայի ընդամենն առաջին կամ երկրորդ քայլն էր: Վերլուծաբանը դրական համարեց վարչապետի արձագանքը, որն իրեն սպասել չտվեց, բայց միևնույն ժամանակ նշելով, որ արձագանքը, լինելով էմոցիոնալ, ցույց տվեց քիչ պատրաստությունը խնդրի հետ կապված, որովհետև մանրամասների և դետալների որոշակի շփոթ առաջացավ:
Գագաթաժողովի ընթացքում հատկապես մեր լսարանի համար երկրորդ ուշագրավ էլեմենտն, ըստ վերլուծաբանի, վարչապետի կողմից ՌԴ նախագահին Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը նվիրելն էր: «Խաղաղություն Ղարաբաղին՝ ինքնին լավ ուղերձ է: Սակայն նիվրել ՌԴ նախագահին իր իսկ ենթակայի (չեմ անձնավորում խնդիրը), արտաքին քաղաքական գերատեսչության ծառայողի, դիվանագետի պատրաստած գիրքը, մի փոքր նորմալ չէ՝ հաշվի առնելով, որ ՌԴ նախագահն իր դիվանագետի արած աշխատանքին տեղեկանալու բազմաթիվ այլ հնարավորություն կունենար: Հետևաբար, սա ինչ-որ տեղ սիմվոլիկ էր, ինչ-որ տեղ լավ հաշվարկած չէր: Ունե՞ր ուղերձն արդյոք այսբերգի ներքևի հատված, երևի թե ժամանակ է պետք, որ լիովին պատկերացնենք»,- նշեց վերլուծաբանը:
Բեքարյանն անդրադարձավ նաև Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթաժողովին, որի ընթացքում Ալիևը ծանր հռետորաբանության անցավ՝ թույլ տալով իրեն խոսել Զանգեզուրի մասին: «Կա մի նրբություն, որին պետք է ուշադիր լինի առաջին հերթին մեր ԱԳՆ: Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամների շարքում կան մեր ՀԱՊԿ գործընկերները: Փաստացի մեր ՀԱՊԿ գործընկերների լսարանում Ադրբեջանի նախագահը նորից ոչ այնքան քողարկված տարածքային նոր ոտնձգություններ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ»: Վերլուծաբանը նշեց, որ ԱԳՆ գոնե հանրային մակարդակով ոչ մի արձագանք չտվեց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



