Armdaily.am-ը գրում է․

Վերջին օրերին թոփ իրադարձությունների կենտրոնում կրկին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն է։

Ինչպես հայտնի է, ՍԴ-ն մերժեց Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը, ինչը շատ վատ ընդունվեց իշխող քաղաքական ուժի կողմից։ Երեկ արդեն Սահմանադրական դատարանը հրապարակեց դիմումը մերժելու մասին հիմնավորումները, դրանով Թովմասյանի դեմ սկսված գործընթացը մտավ այլ փուլ, էստաֆետը հանձնվեց իրավապահներին։

Եթե մինչեւ այժմ իրավապահները գործեր էին հարուցում, քրեական հետապնդում սկսում Հրայր Թովմասյանի սանիկների նկատմամբ, ապա ՍԴ որոշումից հետո նրանք կամաց-կամաց մոտենում են Թովմասյանին։

Մասնավորապես, ԱԱԾ-ն երեկ գործողություններ է իրականացրել Թովմասյանի հայրական տանը, իսկ այսօր արդեն նրա 75-ամյա հայրը, դուստրերը հրավիրվել են հարցաքննության։ Հարցաքննության ժամանակ Թովմասյանի հոր զգացողությունը վատացել է, ասում են՝ նրան տեղափոխել են հիվանդանոց։

Թովմասյանի դեմ սկսված գործընթացին նրա ընտանիքի անդամներին, զավակներին խառնելը, մեղմ ասած, դուրս է բարոյականության, էթիկայի դաշտից։
Ընտանիքի անդամների, զավակների նկատմամբ տեռոր սկսելը, նրանց նկատմամբ ճնշումներ գործադրելը նախկին ռեժիմին հատուկ գործիքակազմ է, երբ որեւէ մեկին ոչնչացնելու իդեա ֆիքսը իրականացնելիս իշխանությունները ոչինչ չէին խնայում՝ առաջնորդվելով նպատակը արդարացնում է միջոցները կարգախոսով։

Սակայն, նոր Հայաստանում իշխանությունը, ով ունի ժողովրդի մեծամասնության աջակցությունը, ժողովրդավար է, լեգիտիմ, իրավունք չունի ոչ ժողովրդավար մեթոդներ կիրառի, քանզի դա առաջինը թուլացնում է հենց վարչապետին, նրա քաղաքական թիմին՝ դարձնելով ոչ լեգիտիմ, ոչ ժողովրդավար։

Ընդ որում՝ սկսված գործընթացը վտանգավոր է հեռանկարային առումով, քանի որ կարող է դառնալ վատ նախադեպ՝ նախ ազդել երկրի հեղինակության վրա, եւ հետո ծառայել օրինակ հաջորդ իշխանությունների համար նախորդներին վնասազերծելու ճանապարհին։

Ուստի՝ Հրայր Թովմասյանի դեմ սկսված գործընթացը բացառապես պետք է լինի իրավաբանության տիրույթում՝ առանց նրա ընտանիքի անդամների, հարազատների նկատմամբ ճնշումներ գործադրելու։

Այս քայլերով իշխանությունները ամեն կերպ Հրայր Թովմասյանից ուժեղ, սկզբունքային, ընդդիմադիր իրավաբանի կերպար են կերտում, ով կարողացել է կոնսոլիդացնել բազմաթիվ գործիչների, ասվածի վկայությունը այսօր ԱԱԾ դիմաց հավաքված մարդիկ են, երեկվանից ֆեյսբուքում արվող գրառումները։

Ու այս ճանապարհին ոչ մի կապ չունի, որ այսօր Թովմասյանին սատարողներից շատերը նրա մոլի հակառակորդներն են եղել, քննադատել վերջինիս իր գործունեության համար, հատկապես՝ Սահմանադրությունը իր ճաշակով դարձնելու, ընդ որում՝ սատարողների մեջ կան նաեւ մարդիկ, ովքեր համակրում են իշխանություններին, սակայն չեն կարող լռել, անտարբեր լինել, երբ «Բերիայի» պատժիչ մեքենան հասնում է հայերի համար շատ զգայուն եւ կարեւոր դաշտ՝ ընտանիքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել