Նորաձևությունը փոփոխական է: Այն յուրաքանչյուր պահի կարող է լրիվ հակառակ կողմը շրջվել: Բայց, անյուամենայնիվ, հագուստն ունի մի քանի ավանդական առանձնահատկություններ, որոնք չեն ենթարկվում ո՛չ ժամանակի, ո՛չ նորաձևության փոփոխություններին: Նման առանձնահատկություններից մեկի մասին էլ այսօր կխոսենք:
Բոլորը գիտեն, որ տղամարդկանց հագուստի կոճակները աջ կողմից են, իսկ կանացի հագուստինը՝ ձախից:
Բայց, թե ինչու է դա այդպես, ոչ բոլորը գիտեն:
Առավել հայտնի և ճշգրիտ տարբերակը հետևյալն է. բանն այն է, որ հին ժամանակներում հարուստ կանայք հագնվում էին իրենց ծառաների օգնությամբ: Այդ աղջիկներին, որոնց մեծ մասը աջլիկ էին, ավելի հարմար էր կոճկել իրենց տիրուհու հագուստի կոճակները, որոնք կարված էին ձախ կողմից: Իսկ տղամարդիկ, նույնիսկ շատ հարուստները, հիմնականում ինքնուրույն էին հագնվում, այդ պատճառով էլ նրանց հագուստի կոճակները աջ կողմից էին:
Բացի այդ՝ գոյություն ունի նաև մեկ տարբերակ՝ կապված երեխաներին կրծքով կերակրելու հետ: Պարզվում է՝ կրծքով կերակրելու ժամանակ կանայք հաճախ երեխային պահում են ձախ կրծքին մոտ: Եվ եթե կոճակները գտնվում են ձախ կողմում, ապա նման կերպ հագուստի աջ մասով կարելի է ծածկել երեխային և պաշտպանել ցրտից:
Կա նաև տարբերակ այն մասին, որ կոճակները հայտնվել են Նապոլեոնի շնորհիվ: Իբր ինչ-որ պատճառով կանայք սկսել են կրկնօրինակել նրա կանգնելու հայտնի դիրքը, որի ժամանակ նա թաքցնում էր ձեռքը սերթուկի տակ, դրանից հետո նա հրամայել է կանացի հագուստի կոճակները կարել հակառակ կողմից:
Մի խոսքով՝ ահա այսպիսի տարբերակներ են պտտվում համացանցում: Իսկ միգուցե ամեն ինչ շատ ավելի պարզ է. կոճակների նման դասավորվածության դեպքում տղամարդկանց և կանանց ավելի հեշտ է հանել հագուստը միմյանց վրայից: