Հարգարժան հայ ժողովուրդ,
Հարգարժան առիթ-անառիթ կարծիք արտահայտել սիրող տիկնայք և պարոնայք,
Հարգարժան կուսակցությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ,
Հարգարժան քաղաքացիական հասարակության ինստիտուտների և լրատվամիջոցների ղեկավարներ և ներկայացուցիչներ,
Հարգարժան ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար տիկին Անդրեա Վիկտորին,
Հարգարժան ՀՀ-ում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսի,
Հարգարժան ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովա,
Հարգարժան ԵՄ և ԵԽ անդամ երկրների դեսպաններ,
Հարգարժան միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ,
Բոլորիդ աչքի առաջ և լռության ներքո իշխանությունները հատում են քաղաքակրթության, իրավունքի, օրենքի և բարոյականության բոլոր կարմիր գծերը: ՍԴ և ՍԴ նախագահի վրա քաղաքական ճնշումների շարունակական և հետևողական ցինիզմի այս փուլում իրենք իրենց էլ գերազանցեցին՝ ԱԱԾ «հրավիրելով» ՍԴ նախագահի թոշակառու 75-ամյա հորը և դուստրերին:
Գիտակցո՞ւմ եք, որ ձեր լռությունը խրախուսել է նշանակում:
Գիտակցո՞ւմ եք, որ չեք կարող, լռելով հիմա, խոսել հետո, երբ այս ամենն իրականացնողները պատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Գիտակցո՞ւմ եք, որ ձեր անգործությամբ ուղղակի կամ անուղղակի ձևով հարված եք հասցնում մեր պետության կայունությանը, շահերին և զարգացման հեռանկարին:
Եթե չեք գիտակցում, սթափվեք, եթե գիտակցաբար եք լռում, կիսում եք պատասխանատվությունը, և հետագայում դրանից խուսափել չի ստացվելու:
Նաև հորդոր վարչապետի թիմակիցներին, խորհրդատուներին, օգնականներին
Միանգամից նշեմ, որ հորդորն ուղղված է այն մարդկանց, ովքեր իրապես ունեն գոնե նվազագույն սրտացավություն վարչապետի նկատմամբ (եթե, իհարկե, դեռ կան այդպիսիք) և առնվազն տարրական գիտելիքներ կամ պատկերացում իրավական հարցերի վերաբերյալ, նաև նրանց, ովքեր իրենց և իրենց երեխաների ապագան տեսնում են Հայաստանում և վստահ չեն, որ վարչապետն ու նրա ընտանիքն ինչ-ինչ զարգացումների արդյունքում մեծ արագությամբ չեն լքելու Հայաստանը։
Բացատրեք ձեր «ընտրյալին» (անգամ եթե մինչ այդ բազմիցս փորձել ու արդյունք չեք ունեցել, կրկին փորձեք, որ հետո ինքներդ Ձեզ չմեղադրեք հնարավորը չանելու համար), որ՝
1. գրված ու չգրված օրենքների ոտնահարումը,
2. պետությունն ու պետականությունը հնարավոր ու անհնար փորձությունների ենթարկելը,
3. մարդկային համակեցության նորմերի նկատմամբ արհամարհանքն ու հնարավոր բոլոր «կարմիր գծերի» տրորումը,
4. հանրության հետևողական պառակտումն ու թշնամանքի սերմանումը,
5. սեփական երկրի, հանրության, թիմակիցների հանդեպ պատասխանատվության զգացողության բացակայությունը,
6. ստի և կեղծիքի վրա հիմնված կործանարար PR-ը և դրա արդյունքում՝ հանության բարոյալքմանը նպաստելը,
7. սեփական թիմում քավության նոխազներ գտնելն ու նշանակելը՝ անգամ չմտածելով պետական և հանրային շահերի մասին,
8. հանրային վստահության ռեսուրսը սեփական «ես»-ին ծառայեցնելն ու մսխելը…
անհետևանք չեն մնալու:
Հետևանքների ցավը զգալու ենք բոլորս, բայց այս ամենի իրականացնողն ու նրա «զինվորները» պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, կրելով նաև՝ «արթնացած» հանրության հավաքական զայրույթն ու պարսավանքը…