17.06.2019 թվականին դիմել էինք ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ խնդրելով նրան դիմել ՀՀ վարչական դատարան՝ բարձրացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչական պատասխանատվության հարցը: Բանն այն է, որ 19.05.2019թ. վերջինս հանրային հավաք անցկացնելու կոչով էր հանդես եկել, հավաքն իրականացվել էր հաջորդ օրը՝ 20.05.2019թ.: Քանի որ Փաշինյանը հավաքի մասին չէր ծանուցել լիազոր մարմնին, այն է՝ բոլոր այն համայնքների ղեկավարներին, որտեղ կային դատարանների նստավայրեր, ստացվում է, որ նրա արարքում առկա է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 180.1-ին հոդվածով նախատեսված զանցակազմը, ինչի համար նրան պատասխանատվության կանչելու միակ մեխանիզմը ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելն է:

03.07.2019թ. մեզ ուղղված պատասխան գրությամբ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ա. Մարգարյանը հայտնել է, որ «քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը նշված օրենքի վկայակոչված հոդվածի («Հավաքների ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մաս՝ Գ.Պ.) իմաստով հավաքի կազմակերպիչ/ղեկավար չի հանդիսացել, ուստի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման սուբյեկտ լինել չէր կարող»:

Ոստիկանության նախկին պետի հրաժարականից հետո՝ 25.09.2019թ., նույն խնդրանքով դիմել էինք ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին: Այս անգամ մեր դիմումին պատասխանել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ Ն. Մանանդյանը՝ նշելով, որ նշված հավաքը եղել է շտապ հավաք, ուստի լիազոր մարմնին գրավոր իրազեկել անհրաժեշտ չէր:

Ստացվում է, որ միևնույն հարցի վերաբերյալ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետն ու տեղակալն ունեն տարբեր դիրքորոշումներ. առաջինի կարծիքով՝ Փաշինյանը չէ հավաքի կազմակերպիչը, երկրորդի կարծիքով՝ եղել է շտապ հավաք, ուստի իրազեկման կարիք չկար: Խնդրում եմ կողմնորոշվել, հարգելիներս…

Ահա թե ինչպիսի անհեթեթ իրավիճակ է առաջանում այն ժամանակ, երբ պետական մարմինն ու դրա պաշտոնատար անձինք իրենց լիազորության իրականացման փոխարեն փնտրում են դրանից խուսափելու՝ գլխացավանք չառաջացնող տարբերակ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել