Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիս փաստացի ներխուժումից հետո Հայաստանում մի տեսակ սրվել են պատմական հիշողությունների հետ կապված որոշակի դրվագներ՝ Հայոց ցեղասպանության մեջ քրդերի ունեցած մասնակցությունից սկսած և վերջացած նրանց չվստահելուց:
Ասեմ, որ քուրդ ազգ՝ որպես այդպիսին, գոյություն չունի, կան քրդական բազմաթիվ ցեղեր՝ տարբեր լեզվամտածողությամբ, անգամ իրար անհասկանալի բարբառներով, որոնց անգամ բարբառ չի կարելի համարել: Այդ ցեղերը նույնիսկ միմյանց են կոտորում, հենց պատեհ առիթ է լինում, շատ ավելի թշնամի են, քան, ասենք, իրենց հավաքական ընդհանուր թշնամու՝ Թուրքիայի հետ: Երբ մտաբերում ենք մեր պապերի պատմածը, որ թուրքն ու քուրդն են ձեռք ձեռքի տված մեզ կոտորել, ապա պետք է նաև մտաբերենք այն հիշողությունը, որը կրկին մեր պապերն են մեզ պատմել, թե ինչպես են քուրդը ընկերները, հարևանները փրկել իրենց՝ թաքցնելով գոմում, այգում և այլուր (սա հենց տարբեր ցեղերի ներկայացուցիչ լինելու հանգամանքն է):
Եվ մի բան էլ... Այո՛, մեզ 1915թ.-ին ցեղասպանել են, բայց ես չեմ ուզում միշտ ապրել զոհի, ցեղասպանվածի կարգավիճակով ու ես կուզեմ, որ բոլորս էլ պատրաստ լինենք ոչ թե ինչ-որ երկրի կողմից Ցեղասպանության ընդունման կամ այդ բառը արտասանելու համար ծափահարության, այլ պարզապես իրական քայլեր անենք ներկա խաղացողների հետ փոխշահավետ համագործակցության եզրեր գտնելու համար... Թե չէ «թշնամի-թշնամի» ասելով մեր բարեկամների թիվը չենք ավելացնի...