ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ եթե Ռուսաստանը միանա Սիրիայում քրդերի պաշտպանությանը, դա լավ գործ կլինի:

Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է Սպիտակ տանը Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Մասնավորապես, Թրամփը հռետորական հարց է տվել, թե Ամերիկան ինչու պետք է պաշտպանի սիրիական հողը, եթե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Միացյալ Նահանգների բարեկամը չէ:

Միևնույն ժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ չնայած Սիրիայի քրդերը «հրեշտակ չեն», նրանք կարող են օտարերկրյա գործընկերներ ներգրավել իրենց պաշտպանության համար: «Նրանք կարող են ներգրավել Ռուսաստանին: Եվ ես ողջունեցի, երբ Ռուսաստանը մտավ Աֆղանստան, երբ նա Սովետական Միություն էր, այնուհետև դարձավ Ռուսաստան, դարձավ շատ ավելի փոքր երկիր՝ Աֆղանստանի պատճառով… Բայց անկեղծ ասած, եթե Ռուսաստանը միանա քրդերի պաշտպանությանը, դա կլինի լավ գործ, ոչ թե վատ»,- հայտարարել է Թրամփը և հավելել, որ այդ գործողությունը կղեկավարի Սիրիան, որը, նրա կարծիքով, չի ցանկանում, որ Թուրքիան գրավի իր հողերը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Միացյալ Նահանգները չպետք է պատերազմի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, որպեսզի օգնի Սիրիային պահպանել իր տարածքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել