Հարգելի հայրենակիցներ, Արցախի Հանրապետության դրոշը ինչպես որ չի տեղադրվել ՀՀ վարչապետի և Արցախի Հանրապետության նախագահի հանդիպման ժամանակ, այնպես էլ երբեք չի տեղադրվել ՀՀ նախորդ նախագահների օրոք պաշտոնական նստավայրերում։
Ոմանք սա մեկնաբանում են որպես արարողակարգային անփութություն։ Հավատացեք, որ, ոչ, չէր կարող 28 տարի մշտապես նման ակնառու տարրն անփութության հետևանք լիներ ու անընդմեջ։ Սա քաղաքական հարց է։ ՀՀ-ն ոչ անցյալում, ոչ էլ ներկայում պաշտոնապես չի ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Սա է պատճառը։
Ես էլ կողմ եմ, որ ՀՀ-ն ճանաչի Արցախի անկախությունը, ավելին՝ օր առաջ միանա Մայր Հայաստանին։ Բայց ՆԵՐԿԱ ՓՈՒԼՈՒՄ ի՞նչ կհետևի դրան։ Վստահ, միայն պատերազմ, քանի որ այլևս անհնար կդառնա բանակցային և խաղաղ կարգավորման ճանապարհը։ Պատրա՞ստ ենք դրան։ Եթե այո, խնդիր չեմ տեսնում, իսկ եթե ոչ, եկեք չշահարկենք։
ՀՅԴ բյուրոյի անդամ, Բյուրոյի հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ճիշտ դիտարկում է արել. «Անկախությունն այս դեպքում ճանապարհ է, միջոց է. 1991-ին ինչ-ինչ պատճառներով պաշտոնական Ստեփանակերտի և պաշտոնական Երևանի հաշվարկները համընկան, և որոշվեց հռչակել անկախություն: Բայց բոլորն էլ հասկանում են, որ, ի վերջո, նպատակը միացումն է, բոլորն էլ հասկանում են Արցախի դրոշի ճերմակ աստիճանների խորհուրդը․ այն աստիճանական միացման մասին է խոսում։
Եթե Արցախը Հայաստան է, և վերջ»-ի նպատակն այն է, որ Երևանը պիտի որոշի, թե Արցախում ով ինչ քաղաքական ազդեցություն պիտի ունենա, դա՝ ուրիշ: Իսկ եթե, իրոք, Արցախը Հայաստան է, և վերջ, ստորագրենք՝ վերջանա, ինչի՞ չենք ստորագրում»։