ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում Կենտրոնական և Հարավային Ամերիկայից (Արգենտինա, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Չիլի, Ուրուգվայ) Հայաստան և Արցախ ժամանած հասարակական քաղաքական, մշակութային գործիչների, իրավապաշտպանների, գիտնականների, վերլուծաբանների և լրագրողների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Ողջունելով հյուրերին՝ Գրիգոր Հովհաննիսյանն արձանագրեց, որ Հայաստանը և Լատինական Ամերիկայի ժողովուրդները միահյուսված են ամուր պատմական բարեկամական կապերով՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակվեցին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, Հայոց ցեղասպանության ճանաչման, տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ: Անդրադարձ կատարվեց նաև առանձին երկրների հետ երկկողմ հարաբերություններին։

ԱԳ նախարարի տեղակալը երախտագիտություն հայտնեց հյուրերին՝ Արցախի ժողովրդին սատարելու և նրա կողքին լինելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել